ՌԱԴԻՈ

Փաշինյանի ելույթից հետո պարզ է, որ Արցախի անկախության օրակարգը կորսված է. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ապրիլի 13-ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի կարևոր դրույթներին։
Sputnik
Միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղին հարակից յոթ շրջաններն Ադրբեջանին վերադարձնելու խնդիրը Նիկոլ Փաշինյանի առաջ դնում էր նաև 2018-20 թվականներին, ուստի վարչապետն արդյոք գիտակցո՞ւմ է, որ միջազգային համատեքստի ու արժանապատիվ խաղաղության օրակարգի մերժումը նույն տարիներին լեգիտիմացրել է պատերազմ սկսելու Ադրբեջանի մտադրությունը, որովհետև սա ամենասկզբունքային հարցն է,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Եթե Փաշինյանը փոխակերպվել ու մինչպատերազմյան կոշտ հռետորաբանություն կիրառող Փաշինյանից դարձել է խաղաղության օրակարգ պաշտպանող Փաշինյան, ապա նախ պետք է պատասխանի այս հարցին, փոխի իշխանության որակը, որպեսզի համոզված լինենք, որ 2018-20 թվականների սխալն իրոք հասկացել է, քանզի միայն հայտարարությունների մակարդակով ԱԺ ամբիոնից հնչած ելույթից պարզ չէ, որ նա հասկացել է այդ սխալը»,- ասաց քաղաքագետը։
Անդրադառնալով վարչապետի բուն ասելիքին` Սուրենյանցն ընդգծեց, որ Արցախի անկախության օրակարգը կորսված է, ինչն առաջին հերթին 44-օրյա պատերազմի հետևանքն է, այսինքն` հիմա իրատեսական չէ, որ Արցախի անկախության ճանաչման օրակարգը հայկական կողմը համարի իմպերատիվ, որովհետև ո՛չ անհրաժեշտ ռեսուրսներ կան, ո՛չ միջազգային դաշնակիցներ, ո՛չ էլ փոխզիջելու բան, որ հնարավոր լինի հետապնդել այդ օրակարգը։

«Փաստ է, որ Արցախի կարգավիճակի հարցում Փաշինյանն իրեն այլևս չի կաշկանդում և պատրաստ է քննարկել այնպիսի կարգավիճակ, որը ենթադրում է Արցախի գտնվելն Ադրբեջանի կազմում, թեև նրա մոտեցմամբ շատ կարևոր է, թե ինչ կարգավիճակով է գտնվելու և արդյոք այդ կարգավիճակը կնպաստի Արցախի ժողովրդի անվտանգությանն ու իրավունքների պաշտպանությանը»,- ասաց քաղաքագետը։

Սուրենյանցի կարծիքով` կա՛մ Փաշինյանը բանակցություններում չպնդելով Արցախի անկախության ճանաչման պահանջը` կարողանում է առկախել կարգավիճակի հարցը մինչև ադրբեջանցիների ու հայերի միջև կձևավորվի վստահության միջավայր, որում հնարավոր կլինի վերջնական լուծում տալ Արցախի կարգավիճակի հարցին, կա՛մ էլ Փաշինյանի ելույթը ենթադրում է, որ Արցախը կարող է Ադրբեջանի կազմում ունենալ բարձր ինքնավարություն`ամրապնդված միջազգային ամուր երաշխիքներով։ Ըստ նրա` տվյալ երկու նպատակներին հասնելու համար հայկական կողմից կպահանջվեն դիվանագիտական գերջանքեր, ինչպես նաև միջազգային խաղացողների հետ արդյունավետ աշխատանք, որպեսզի կոնսոլիդացված ճնշում լինի Բաքվի վրա։
Նշենք, որ ապրիլի 13-ին ԱԺ–ում կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի հանգամանքներին, հետպատերազմյան իրողություններին, հայ–ադրբեջանական հարաբերություններին ու արցախյան խնդրի կարգավորման գործընթացին։