ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Արցախի ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Արցախի ժողովրդավարական կուսակցության» պատգամավոր Դավիթ Մելքումյանը հայտարարեց` Արցախի խորհրդարանին չի հաջողվել կամ չեն կարողացել աշխատող կամ մշտական հարաբերություններ ձևավորել ՀՀ ԱԺ մարմինների ու պատգամավորների հետ։
«Այն, ինչ տեսնում ենք վերջին ամիսների ընթացքում, հետևանքն է այն բանի, որ ՀՀ խորհրդարանում ներկայացված պատգամավորների մի ստվար մասը ճիշտ պատկերացումներ չունեն այսօրվա Արցախի, անվտանգային միջավայրի, ազատագրական պայքարի, մերօրյա մարտահրավերների մասին։ Երբ 1 տարվա ընթացքում չենք կարողանում նախորդ տարիների նման միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ գումարել, այդ երևույթին պետք է ուրիշ անուն տալ»,–ասաց Մելքումյանը։
Նրա խոսքով` պետք չէ Արցախին վախեցնել նոր պատերազմով, քանի որ իրենք ամենաշատն են շահագրգռված խաղաղություն հաստատելու հարցում։ Սակայն խաղաղությունը չի կարող լինել անցած 30 տարիների պատմությունը ջնջելու ճանապարհով։
Մելքումյանը հավելեց` հայ ազգը վերջնական չի ջարդվել և այսօր էլ կարիք ունի նոր ազգային առաջնորդության։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին ԱԺ-ում` կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարել էր` միջազգային հանրությունը ուղիղ ասել է, որ Հայաստանը պետք է մի փոքր իջեցնի ԼՂ կարգավիճակի հարցում իր նշաձողը, ինչի շնորհիվ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի և Արցախի շուրջ։
Դրան հաջորդել էր Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ շտապ խորհրդակցությունը Արցախի արտգործնախարարի ու ԱԽ քարտուղարի մասնակցությամբ։