Երբ դիտարկում ենք պաշտոնական վիճակագրության ցուցանիշները, ապա տարեվերջի դրությամբ 679 հազարին մոտ աշխատատեղերի թվաքանակ էր արձանագրվել, և միգուցե այդ ցուցանիշը վերանայվել ու ճշգրտվել է, բայց խնդիրն այն է, որ երբ խոսվում է գրանցված աշխատատեղերի ռեկորդային աճի մասին, ապա ժամանակն է, որ պաշտոնյաները զերծ մնան սպորտային տերմիններից, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։
«Մեր տնտեսությունն ընդհանրապես թերզբաղվածության ռեկորդ է սահմանել արդեն երեք տասնամյակ, և այդ միտումը շարունակվում է։ Խնդիրն այն է, որ մենք ունենք 1 միլիոն 180 հազար աշխատուժի առաջարկ, բայց զբաղված է շուրջ 51 տոկոսը, ինչը նշանակում է, որ մնացածն ըստ էության թերզբաղվածության արդյունք է։ Եթե խոսենք պաշտոնական կատեգորիաներով, ապա գործազրկության մակարդակը Հայաստանում թեև վերջին տարիներին իջել է, սակայն շարունակում է մնալ շատ բարձր նշաձողի վրա` կազմելով 15 տոկոս»,- ասաց տնտեսագետը։
Մարգարյանի կարծիքով`մենք մյուս կողմից էլ ունենք բավական շատ ստվերային աշխատատեղեր։ Ըստ նրա` պետք է պարզել նաև, թե ինչի հաշվին է աճել աշխատատեղերի թիվը։ Այդ տեսանկյունից առաջին պլան է գալիս շինարարությունը, իսկ հետո նաև՝ ճանապարհաշինարարությունը։
Տնտեսագետի դիտարկմամբ` մարդիկ բնակարանային խնդիր են լուծում հիպոթեքային վարկերի միջոցով, իսկ պետությունը լուծում է ենթակառուցվածքների խնդիր` ավելացնելով երկրի պարտքը, այնպես որ, այստեղ, ըստ նրա, ոգևորվելու և ուրախանալու որևէ բան առանձնապես չկա։
Նշենք, որ ապրիլի 13-ին ԱԺ-ում կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում 2021 թվականին գրանցված աշխատատեղերի թվաքանակը ռեկորդային աճ է գրանցել և ավելի կաճի 2022 թվականին։