ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Արցախյան խնդրի հնարավոր լուծման ու խաղաղության օրակարգի մասին ՀՀ վարչապետի ելույթով ՀՀ-ի ու Արցախի համար տարածություն է բացվել։ Այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ երեկվանից հանրությունը քննարկում է, թե ինչ էր նշանակում իր ելույթը։
«Ես հստակ գնահատական ունեմ երեկվա իմ ելույթի վերաբերյալ. այդ ելույթով մենք հստակ տարածություն բացեցինք ՀՀ-ի ու Արցախի համար, որովհետև նախորդ շրջանի բանակցային ողջ գործընթացով Հայաստանն ու Արցախը զրկվել էին քաղաքական ու դիվանագիտական տարածությունից։ Մենք ճանապարհ ենք բացում Հայաստանի համար և Արցախի համար, ճանապարհ ենք բացում` պետականությունը պահպանելու»,- ասաց նա։
Փաշինյանը նաև հայտարարեց, որ Արցախի ժողովուրդը չպիտի դուրս գա Ղարաբաղից, պիտի ապրի, ունենա իրավունքներ, ազատություններ, կարգավիճակ։
«Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պիտի լինի ղարաբաղցի, արցախցի և հայ։ Եվ մեր նահատակները դրա համար են ընկել, որ Հայաստանի ու Արցախի համար հեռանկար բացվի»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով, 1998թ-ից փաթեթափուլային բանակցությունների արդյունքում Հայաստանն ու Արցախը զրկվել էին որևէ բան ինքնուրույն որոշելու իրավունքից։
«Մենք չենք որոշել` պատերազմ լինի՞, թե՞ չլինի, մենք չենք որոշել ոչ մի բան։ Ես այսօր ամբիոնում կանգնած ասում եմ, որ ոչ՝ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է, և մենք պետք է բան որոշելու իրավունքը վերադարձնենք մեզ, որովհետև մենք երկիր ենք, մենք ախոռ չենք, մենք երկիր ենք, մենք քաղաքացի ենք, մենք մատաղացու գառ չենք, որ տարբեր տեղերում որոշեն` ոնց և ինչքան մեզ մորթեն, և ոնց և ինչքան մեզ ներեն։ Մենք պետություն ենք, մենք ազգ ենք»,- ասաց նա։
Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ է ու պետք է ինքնուրույն ձևավորի իր օրակարգը՝ չենթարկվելով պարտադրված օրակարգերին։ Ելույթի ավարտին Փաշինյանն առաջարկեց այն եզրափակել մեկ րոպե լռությամբ՝ հարգելով հանուն այդ իրավունքի նահատակված զոհերի հիշատակը։
Նշենք, որ ապրիլի 13-ին ԱԺ–ում կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի հանգամանքներին, հետպատերազմյան իրողություններին, հայ-ադրբեջանական հարաբերություններին ու արցախյան խնդրի կարգավորման գործընթացին։