ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Եթե Շվեդիան և Ֆինլանդիան միանան ՆԱՏՕ–ին, Բալթիկայի միջուկազերծ կարգավիճակի մասին արդեն խոսք անգամ լինել չի կարող. հավասարակշռությունը պետք է վերականգնվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Այդ դեպքում Բալթիկայի միջուկազերծ կարգավիճակի մասին խոսք անգամ լինել չի կարող. հավասարակշռությունը պետք է վերականգնվի։ Մինչ օրս Ռուսաստանը նման քայլի չէր գնում և մտադրություն չուներ գնալու։ Եթե մեզ ստիպեն, դե ինչ, «նկատեք, որ մենք չենք դա առաջարկել», ինչպես ասում էր հայտնի հին ֆիլմի հերոսը»,- Telegram-ի իր ալիքում գրել է Մեդվեդևը։
Ավելի վաղ Expressen շվեդական թերթը` հղում անելով իր աղբյուրներին, պնդում էր, որ Ֆինլանդիան ակնհայտ ցանկություն է հայտնել Շվեդիայի կառավարության հետ համատեղ հայտ ներկայացնելու ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։
Հիշեցնենք` ապրիլի 11- ին բրիտանական Times թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Շվեդիան և Ֆինլանդիան մտադիր են ՆԱՏՕ-ի անդամ դառնալ արդեն այս ամռանը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 50-րդ օրը։