ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ԱՄՆ պաշտպանության նախարար Լոյդ Օստինը մոտ 1 շաբաթ առաջ փորձել է կապ հաստատել Ռուսաստանի պաշտոնակցի` Սերգեյ Շոյգուի հետ, սակայն այդպես էլ չի կարողացել։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին։
«Չգիտեմ՝ երբ է եղել վերջին փորձը։ Վերջերս էր, կարծում եմ՝ մոտ 1 շաբաթ առաջ։ Ռուսները կրկին հետաքրքրություն չցուցաբերեցին»,- նշել է նա։
Պենտագոնում վստահեցնում են, որ Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից ի վեր փորձում են կապ հաստատել Շոյգուի և գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ, սակայն ոչ մի փորձ հաջողությամբ չի պսակվել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապաազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 50-րդ օրը։