ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Խովաևը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հարցում հանդես կգա որպես ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ։
Տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախապատրաստման վերաբերյալ ԶԼՄ-ների հարցին։
«Նրա ուշադրության կենտրոնում կլինի խաղաղության պայմանագրի նախապատրաստման թեման։ Մենք հույս ունենք, որ Խովաևի ջանքերին կաջակցեն Երևանի և Բաքվի մեր դաշնակիցներն ու գործընկերները։ Մենք բաց ենք շահագրգիռ այլ խաղացողների հետ կառուցողական փոխգործակցության համար»,- նշել է նա:
Զախարովան հիշեցրել է, որ փետրվարի 24-ից Վաշինգտոնը և Փարիզը դադարեցրել են բոլոր շփումները Մոսկվայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Մինչդեռ, նրա կարծիքով, Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը թույլ չի տալիս բանակցային դադարներ։ Զախարովան կարծում է, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը վերականգնելու համար անհրաժեշտ են հետևողական քայլեր։
««Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար» Բաքվի առաջարկած հիմնարար սկզբունքները և դրանց վերաբերյալ Երևանի արձագանքը նպատակ ունեն հիմք ծառայել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Զախարովան նաև նշել է, որ այս թեման քննարկվել է ապրիլի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցների, ինչպես նաև արտգործնախարարների բանակցությունների ժամանակ։
«Ռուսաստանը վճռական է՝ աջակցելու Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը»,- եզրափակել է նա:
Հիշեցնենք` ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հրաժարվում են ՌԴ-ի հետ արցախյան հարցով շփվելուց, հետևաբար, կարելի է ասել, որ Մինսկի խմբի ձևաչափի ճակատագիրն անհայտ է։