«Քաղաքացիական պայմանագիրը» իշխանությունը պահպանելու համար պատրաստ է ամեն ինչի, քանի որ նման խնդիր է դրված։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը` անդրադառնալով պատգամավոր Վիգեն Խաչատրյանի այսօրվա ելույթին։
Իշխանական պատգամավորն ԱԺ-ում հակադրվել էր Տեր-Պետրոսյանի` 1996 թվականին առաջ քաշած այն գաղափարին, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ապագա չունի։ Նրա խոսքով` տարիներ են անցել, և այսօր կարելի է ասել, որ այդ գաղափարը, թերևս, ճիշտ չի եղել։
«Երբ երեկ մենք ականատես եղանք պատմությունը կեղծելու, սեփական հանցանքների մոտիվները թաքցնելու, հասարակությանը շփոթության մեջ գցելու, խաբելու հերթական տեսարանին, ինչո՞ւ եք զարմանում, որ նույն այդ իշխանության խորհրդարանական մեծամասնության ինչ-որ պատահականություններ չեն խոսելու կամ նույնը չեն անելու։ Հիմա ուրիշ ժամանակներ են։ Այս իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նախորդ 2 իշխանությունն էլ լծված են սեփական հանցանքները թաքցնելու, արդեն ջրի երես ելած հանցանքների իրական մոտիվները խեղաթյուրելու գործընթացին, նրանց սպասարկողներն էլ նույնը պետք է անեն»,- ասաց Մուսինյանը։
Նա ընդգծեց, որ զարմանալի ոչինչ չկա, և այսօր հայ ժողովուրդն ապրում է այնպիսի ժամանակաշրջան, որ վաղը կարող են հերքվել շատ ակնհայտ ճշմարտություններ։