ՀՀ պատգամավորների այցը ԼՂ նախապես համաձայնեցված չի եղել խաղաղապահների հետ. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանն ակնկալում է, որ կողմերը ձեռնպահ կմնան այնպիսի քայլերից, որոնք կարող են սրել տարածաշրջանի իրավիճակը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի պատգամավորների այցը չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն նախապես համաձայնեցված չի եղել խաղաղապահների հետ:

«Ռուսական խաղաղապահ զորախումբը (ՌԽԶ) գործում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան։ Նշված այցը նախապես համաձայնեցված չի եղել ՌԽԶ հրամանատարության հետ»,- ասված է Զախարովայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։

Նրա խոսքով` իրականությանը չեն համապատասխանում այն հայտարարությունները, թե խաղաղապահների գործողություններն իբր հակասում են 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին։
ՌԴ–ն ակնկալում է, որ կողմերը ձեռնպահ կմնան այնպիսի քայլերից, որոնք կարող են սրել տարածաշրջանի իրավիճակը` հաշվի առնելով այն միջադեպերը, որոնք գրանցվել են ինչպես խաղաղապահների պատասխանատվության գոտում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում։
Հիշեցնենք` ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն ապրիլի 12-ին բոյկոտել էին ԱԺ նիստը և ասել, որ չեն մասնակցելու դրան, քանի որ Արցախ են մեկնելու։ Սակայն նրանց թույլ չէին տվել մուտք գործել Արցախ։ Դեպքի առնչությամբ մտահոգություն էր հայտնել ՀՀ ԱԳՆ-ն։