ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik. Ճգնաժամային արձագանքման և հավաքական ուժերի կիրառման մեխանիզմները քննարկվել են ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի նիստում, որը տեղի է ունեցել այսօր՝ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի նախագահությամբ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ նիստում որոշվել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների կողմից 2022 թվականի հունվարի 13-ին ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստի ընթացքում արված առաջարկությունների իրականացման կարգը։ Խոսքը ճգնաժամային արձագանքման մեխանիզմի կատարելագործմանը ու կազմակերպության հավաքական ուժերի կիրառման վերաբերյալ առաջարկների մասին է:
«Նիստի ընթացքում մասնակիցները կարծիքներ են փոխանակել Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրադրության շուրջ ու պայմանավորվել են համակարգել ռազմական անվտանգության սպառնալիքների չեզոքացման համատեղ գործողությունները», - տեղեկացնում է գերատեսչությունը:
Բացի այդ, կողմերը քննարկել են 2022 թվականին օպերատիվ ու մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացման հարցերը: Որոշվել են ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի ավիացիայի միջազգային թռիչքների կատարման կատարելագործման ուղղությամբ հետագա աշխատանքների ուղղությունները:
«Նշվել է, որ ռազմական կոմիտեի նիստի արդյունքները կնպաստեն հավաքական անվտանգության համակարգի ամրապնդմանն ու կանոնավոր անվտանգության պահպանմանը», - նշված է հաղորդագրության մեջ:
Նիստը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ռեժիմով: Նիստին մասնակցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնակատար Կամո Քոչունցը, Բելառուսի ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության առաջին փոխնախարար Վիկտոր Գուլևիչը, պաշտպանության առաջին փոխնախարար, Ղազախստանի ԶՈւ ԳՇ պետ Մարատ Գուսաինովը, Ղրղզստանի ԶՈւ ԳՇ պետ Էրլիս Տերտիկբաևը, ԶՈւ ԳՇ պետ, Տաջիկստանի պաշտպանության առաջին փոխնախարար Էմոմալի Սոբիրզոդան, ՀԱՊԿ գլխավոր շտաբի պետ Անատոլի Սիդորովը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թահիր Խայրուլոևը: