Համահայկական կոնսոլիդացիա ենք հայտարարում. Արցախի ԱԺ փոխնախագահ

Արցախի ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը . Արխիվային լուսանկար
Արցախի ԱԺ նախագահի տեղակալը նշում է, որ եթե ոտքի կանգնենք բոլորով, աշխարհը դեմքով կշրջվի դեպի մեզ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Արցախի ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը համահայկական կոնսոլիդացիա է հայտարարում։ Այսօր Արցախի ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը։

«Լուռ համաձայնությամբ կամ ճնշման տակ համաշխարհային և տարածաշրջանային դերակատարները ՀՀ-ի վզին են փաթաթում խաղաղության պայմանագիր, որն Արցախի համար համարժեք է մահվան դատավճռին։ Ավելի ցածր կարգավիճակով Արցախը կլինի «Դաղլը Կարաբախ», որը Արցախի և Հայաստանի վերջն է։ Դիմում ենք ողջ հայ ժողովրդին` եկել է ճշմարտության պահը, համախմբման ժամն է»,- ասաց Բաղունցը։

Նրա խոսքով` շատերը 2020-ի նոյեմբերին մնացին Արցախում` պատրաստ զոհվելու, բայց չհանձնվելու։ Ուստի հիմա, ըստ Արցախի ԱԺ փոխնախագահի, հանուն մեր երեխաների, համայն հայության ապագայի, փաստացի համահայկական կոնսոլիդացիա են հայտարարում։
Բաղունցը նշում է` յուրաքանչյուր ոք, ում համար հայի պատիվն ու արժանապատվությունը դատարկ խոսքեր չեն, պետք է կանգնի Արցախի կողքին և Արցախի քաղաքացի հռչակվի։
«Իսկ քաղաքակիրթ աշխարհը թող կրկին ցեղասպանություն կազմակերպի 10 միլիոնանոց հայության դեմ։ Արցախն ունի բազմաթիվ բարեկամներ, որոնք կանգնած են մեր կողքին։ Վստահ եմ, որ եթե մենք կրկին ոտքի կանգնեք, մեր հայրենիքի պաշտպանության դիրքերում, աշխարհը դեմքով կշրջվի դեպի մեր ժողովուրդը։ Մենք կանգուն ենք»,- ասաց Բաղունցը։
Արցախի ԱԺ-ն այսօր հայտարարության տեքստ է ընդունելու։
Պահանջում ենք, որ ՀՀ–ն հրաժարվի Արցախի հարցում իր աղետալի դիրքորոշումից. պատգամավոր
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին ԱԺ-ում` կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարել էր` միջազգային հանրությունը ուղիղ ասել է, որ Հայաստանը պետք է մի փոքր իջեցնի ԼՂ կարգավիճակի հարցում իր նշաձողը, ինչի շնորհիվ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի և Արցախի շուրջ։
Դրան հաջորդել էր Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ շտապ խորհրդակցությունը Արցախի արտգործնախարարի ու ԱԽ քարտուղարի մասնակցությամբ։