ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՀՀ կենտրոնական բանկն այսօրվանից շրջանառության մեջ է դնում 4 նոր հուշադրամ։ Այս մասին տեղեկանում ենք ԿԲ–ի պաշտոնական կայքից։
Այսպես, շրջանառության մեջ են մտնում Հայոց բանակի կազմավորման 30-ամյակին նվիրված ոսկե և արծաթե հուշադրամները, Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված հուշադրամը և Օգանեսոն (Og) քիմիական տարրին նվիրված հուշադրամը։
Նշենք, որ բանակի կազմավորման 30-ամյակին նվիրված ոսկե և արծաթե հուշադրամների դիմերեսին կլինի ՀՀ զինանշանը, իսկ դարձերեսին՝ ՀՀ զինված ուժերի զինանշանից հատված: Էսքիզների հեղինակը Հարություն Սամուելյանն է, հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
Ինչ վերաբերում է Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված հուշադրամին, ապա դրա դիմերեսին պատկերված է դրվագ «Ամբոխները խելագարված» հուշարձանային կոմպոզիցիայից։ Հուշադրամի դարձերեսին դրվագ է Չարենցի հուշարձանից, ինչպես նաև պոետի ստորագրությունը: Էսքիզների հեղինակներն են Լուսինե Լալայանն (դիմերես) ու Էդուարդ Կուրղինյանը (դարձերես): Այս հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Եվ վերջին հուշադրամը հատված է ի պատիվ արհեստական սինթեզի բնագավառում նոր ատոմային տարրերի 8 հայտնագործությունների, 11 գյուտերի և 500-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ, աշխարհահռչակ գիտնական Յուրի Հովհաննիսյանի։ Նրա հայտնագործած Օգանեսոն (Og) քիմիական տարրին նվիրված հուշադրամի դիմերեսին կլինի Օգանեսոն (Og) քիմիական տարրի պատկերը, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի պատկերանշանը, իսկ դարձերեսին` Յուրի Հովհաննիսյանի դիմաքանդակը։ Այս էսքիզների հեղինակը Վարդան Վարդանյանն է։ Այս հուշադրամը նույնպես հատվել է Լեհաստանի դրամահատարանում: