ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի ոչ բարեկամ երկրների գործընկերներն ընդունում են, որ չեն կարող առանց ռուսական էներգառեսուրսների, այդ թվում՝ գազի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նավթագազային սեկտորում տիրող իրավիճակի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ։
«Այսպես կոչված ոչ բարեկամ երկրների գործընկերները խոստովանում են, որ չեն կարող առանց էներգառեսուրսների, այդ թվում, օրինակ, առանց բնական գազի։ Եվրոպայի համար դրա խելամիտ փոխարինումը հիմա պարզապես բացակայում է։ Այո, դա հնարավոր է, բայց հիմա բացակայում է։ Բոլորը դա հասկանում են, որ այժմ շուկայում ազատ ծավալներ պարզապես չկան, իսկ Եվրոպային մատակարարումներն այլ երկրից, օրինակ` ԱՄՆ-ից, սպառողների վրա մի քանի անգամ ավելի թանկ կնստի` անդրադառնալով մարդկանց կենսամակարդակի և եվրոպական տնտեսության մրցունակության վրա»,- ասել է ՌԴ առաջնորդը:
Նրա խոսքով՝ էներգակիրների ռուսական մատակարարներին դուրս մղելու` արևմտյան երկրների փորձերն անխուսափելիորեն կանդրադառնան ամբողջ համաշխարհային տնտեսության վրա:
«Նման քայլի հետևանքները կարող են շատ ցավոտ լինել և առաջին հերթին` նման քաղաքականության նախաձեռնողների համար»,- ասել Է Պուտինը:
Նա նաև նշել է, որ «ոչ բարեկամ երկրների» բանկերը ձգձգում են ռուսական էներգակիրների վճարները:
«Ռուսական էներգառեսուրսների արտահանման մատակարարումների վճարման խափանումներ են նկատվում։ Այդ ոչ բարեկամ երկրների բանկերը հետաձգում են վճարումների փոխանցումը»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ մարտի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կենտրոնական բանկին, «Գազպրոմին» և կառավարությանը հանձնարարել էր գազի դիմաց հաշվարկները ոչ բարեկամ երկրների կողմից փոխանցել ռուբլով: