ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնից Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհին մոտոցիկլետը բախվել է ծառին, վարորդն ու ուղևորը տուժել են, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ վթարի մասին այսօր, ժամը 18։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որից հետո դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ մոտոցիկլետը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, որից հետո վերջիններս հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։