ՌԱԴԻՈ

Բուհերը պե՞տք է միավորել, թե՞ ոչ. նախկին նախարարը մատնանշում է հնարավոր խնդիրները

ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանի կարծիքով` բուհերի օպտիմալացման գործընթաց սկսելու համար հիմնավոր փաստարկներ են պետք։
Sputnik
Մեր փոքր երկրում այսքան մասնավոր ու պետական բուհերի քանակը շատ է, 50-60 միլիոն բնակչություն ունեցող երկրներում բուհերի քանակը մոտավորապես նույնն է, որքան 3 միլիոն բնակչություն ունեցող ՀՀ–ում, ուստի օպտիմալացումը պետք է նպաստի արդյունավետության բարձրացմանը և չլինի զուտ մեխանիկական միավորման գործընթաց։ Sputnik Արմենիայի եթերում այս տեսակետը հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը։

«Եթե բուհերը միավորվեն, և արդյունքում այդ գործընթացը բերի մասնագետների պատրաստման որակի բարձրացման, ապա դա միանշանակ դրական երևույթ է, բայց եթե լինելու են լոկ կրճատումներ, հատկապես ադմինիստրացիաներում, ապա այդ դեպքում դժվար է պատկերացնել գործընթացի արդյունավետությունը։ Ամեն դեպքում, պետք է լինեն հիմնավոր փաստարկներ»,- ասաց ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարը։

Անդրադառնալով Կինոյի և թատրոնի ինստիտուտի ու Գեղարվեստի ակադեմիայի հնարավոր միավորման հարցին` Ղազարյանն ընդգծեց, որ տվյալ հաստատությունները պրոֆիլով մոտ են և նախկինում էլ գործել են միացյալ։ Ավելին` հետագայում Գյումրիում նույնպես բացվեցին արվեստի ու մշակույթի հետ առնչություն ունեցող բուհերի մասնաճյուղեր։
«Եթե երկու իրար մոտ ոլորտների կադրերը պետք է փոխլրացնեն իրար` սերտորեն համագործակցելով, և եթե դրանց միավորումը կնպաստի կադրերի մասնագիտական որակավորման բարձրացմանը, սկզբունքորեն դեմ չեմ, բայց կարող են խնդիրներ առաջանալ այլ դեպքերում, օրինակ` Տնտեսագիտական համալսարանի ու ԵՊՀ-ի միջև, որտեղ նույնպես կա տնտեսագիտության ֆակուլտետ, թեև տնտեսագիտության մասնագիտացված բուհը ժամանակին ձևավորվել է հենց մայր բուհի տնտեսագիտության ֆակուլտետից առանձնանալու ճանապարհով, ու եթե տարանջատվում էր, անհասկանալի է, թե ինչու նորից ԵՊՀ-ում շարունակեց գործել տնտեսագիտության ֆակուլտետը»,- ասաց ակադեմիկոսը։
Ղազարյանի կարծիքով` ավելի լավ կլինի, եթե բուհերի օպտիմալացման գործընթացը տեղի ունենա մարզերում, առանձին տարածաշրջանների համար ստեղծվեն միավորված համալսարաններ, առավել ևս, որ նման ծրագիր, ըստ նրա, ժամանակին եղել է, երբ նախարարությունն առաջարկում էր Գյումրիում, Վանաձորում, Կապանում ստեղծել բուհեր ճյուղային համալսարանների միավորմամբ, սակայն հարցը չլուծվեց, եղան դժգոհություններ, ծագեցին պրոբլեմներ։
Ո՞րն է 2021-ի ամենապահանջված մասնագիտությունների տասնյակը Հայաստանում
Ղազարյանի դիտարկմամբ` մարզերում բուհերը կենտրոնացնելու ծրագիրն ավելի տրամաբանական է, որովհետև այսօր կա կադրերի խնդիր, բարձր որակավորում ունեցող արհեստավարժ մասնագետներն այնտեղ շատ չեն, ուստի անհրաժեշտ է նրանց ներուժը միավորել։
Հիշեցնենք` «Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա իր համարում գրել էր, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը բուհերի օպտիմալացման գործընթաց է սկսել: Ավելին՝ օպտիմալացման նախագիծն արդեն ամբողջ փաթեթով նախարարությունը պատրաստվում է ուղարկել կառավարություն: Ըստ պարբերականի` նախարարությունն առաջին փուլով որոշել է միավորել Կինոյի և թատրոնի ինսիտուտն ու Գեղարվեստի ակադեմիան, անգամ հայտնի է միավորվող բուհերի նոր անվանումը. այն կկոչվի «Արվեստների ակադեմիա»։
Գիտությամբ զբաղվող մարդիկ պետք է կապված լինեն բանակի հետ. Մխիթարյան