Ահռելի ներդրումներ, թիթեռի կյանքով լիցենզիա. ինչու են փակում մասնավոր դիահերձարանները
Մասնավոր դիահերձարանների գործունեության լիցենզիան մի քանի ամիս հետո կկասեցվի, մինչդեռ մարդիկ միլիոնավոր ներդրումներ են արել։ Նրանք մեղադրում են պետությանը, որ ոլորտից ոչինչ չհասկացողներին օրենք փոփոխելու իրավունք են տվել` հաշվի չառնելով ռիսկերը։
SputnikԱյս տարվա փետրվարի 2-ին ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հավանության արժանացավ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի փոփոխության նախագիծը, որով առաջարկվում էր նաև ախտաբանաանատոմիական դիահերձումներն իրականացնել միայն բժշկական հաստատություններին կից ախտաբանաանատոմիական ստորաբաժանումներում և 6 ամիս անց դադարեցնել այն 8 ՍՊԸ-ների լիցենզիաները, որոնք բժշկական հաստատություններին կից չեն։ Սակայն վերջիններին հնարավորություն էր տրվում կցվելու որևէ հիվանդանոցի (դառնալ դրա մաս) և շարունակել գործունեությունը։ Պատճառաբանվում էր, որ այդ 8 կազմակերպությունները չունեն հյուսվածքաբանական լաբորատորիաներ, այսինքն` չեն կարող բացահայտել մահվան պատճառը, համեմատել կլինիկական ախտորոշման հետ։
Թվում էր, թե ամեն ինչ պարզ է։ Դիմեցինք առողջապահության նախարարությանը և խնդրեցինք տրամադրել այդ 8 կազմակերպությունների հասցեները՝ նրանց տեսակետը լսելու համար, բայց տվյալները փաստացի մեր ձեռքում հայտնվեցին այն ժամանակ (մեկ ամիս հետո), երբ օրենքն արդեն ընդունված էր (ընդունվել է մարտի 4–ին)։
Մենք այցելեցինք այդ 8 կազմակերպությունները, որպեսզի պարզենք, թե ինչ են պատրաստվում անել։
Բոլոր կազմակերպություններում մեզ հավաստիացրին, որ օրենքի փոփոխության նախագծի հեղինակներից ոչ մեկն իրենց հետ քննարկում չի անցկացրել։ Անգամ հաշվի չեն առել, որ կազմակերպություններից յուրաքանչյուրն ահռելի ներդրումներ է կատարել։
Եթե պետությունը որոշել է մասնավոր դիահերձարանները փակել, ենթադրվում է, որ հանրապետությունում դիահերձումը պետք է անվճար դառնա, քանի որ յուրաքանչյուր դիահերձման համար հիվանդանոցները պետությունից գումար են ստանում։
Հայաստանում դիահերձման ծառայությունը միջինը 30 000-45 000 դրամ է, մշակումն ու հարդարումը` 30 000 դրամ, սառնարանային ծառայությունը` օրը 15 000–20 000 դրամ։ Օրենքի փոփոխությունից հետո սրան կգումարվի նաև պարտադիր հյուսվածքաբանական լաբորատոր հետազոտությունը, որն արժե 30 000 դրամ։
«Հիպոկրատես» ՍՊԸ-ի հիմնադիրը
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ առնվազն ծիծաղելի է այն կետը, թե իրենց գործունեությունը միայն դիահերձման մասով են կասեցնում։
«Եթե դիահերձում չկա, էլ ի՞նչ ծառայության մասին է խոսքը։ Հանգուցյալի հարազատը հո տասը տեղ չի՞ տանելու դին։ Բացի այդ, հիվանդանոցների դիահերձարաններն իրենց «օրենքներն» ունեն»,- նշեց նա։
Ընկերության հիմնադիրը մեզ մի ձայնագրություն տրամադրեց, որում լսվում է, թե ինչպես են հարազատները բողոքում հիվանդանոցներից մեկի ղեկավարությանը (հիվանդանոցի անունը չենք նշում` հաշվի առնելով անմեղության կանխավարկածը), որ առանց իրենց ցանկության ու ստորագրության դիահերձել են իրենց հարազատին ու պահանջում են գումար մուծել։
Այսպիսի օրինակներ կարելի է շատ բերել։ Հատկապես որ ձայնագրությունում հիվանդանոցի աշխատակիցն անձամբ է ասում, որ 18 տարվա աշխատանքային պրակտիկայում չի եղել դեպք, որ սպասեն, հարազատը գա, ստորագրի, նոր դիահերձեն։
Ի տարբերություն հիվանդանոցների` մասնավոր դիահերձարաններում մինչև հարազատը չգա, փաստաթղթային գործերը չվերջացնեն, իրավունք չունեն դիահերձում կատարելու, քանի որ նրանց նկատմամբ վերահսկողությունն ավելի շատ է։
«Այդ հանգուցյալի հարազատը ցանկանում էր, որ դիահերձումը մեզ մոտ արվի, որպեսզի չվճարի, քանի որ մեզ բարեկամ էր։ Բայց նրան ստիպել են գումար վճարել»,- ասաց ՍՊԸ հիմնադիրը։
Նա հավաստիացրեց, որ իրենք շատ ավելի թափանցիկ են աշխատում, ուստի պետությունն այսկերպ պարզապես զրկում է իրենց բիզնեսից` աջակցելով որոշ մարդկանց։
«Միայն օրենքի փոփոխություն անելով չէ։ Հատկապես երբ դա նախաձեռնում են մարդիկ, որոնք ոչինչ չգիտեն այդ ոլորտի մասին։ Իսկ ինչո՞ւ ոչ մեկը չի խոսում այն հայտնի հիվանդանոցների դիահերձարանների մասին, որոնք խոլերայի բուն են, մարդիկ մտնում են, տեսնում` իրենց հարազատի դին գետնին են դրել, որովհետև անգամ տեղ չունեն»,- նշեց նա։
«Ա.Զ.Դ.» ստուդիո» ՍՊԸ-ում համարում են, որ որևէ հիվանդանոցին կցվելը իմաստ չունի։ Այս տարիների ընթացքում պայմանագրեր են ունեցել մի քանի հիվանդանոցների հետ, բայց «անգամ մեկ դի իրենց չեն ուղարկել»։
«Մի քանի անգամ նամակով դիմել ենք Երևանի քաղաքապետարանին, որ մենք այսքան ծախս ենք արել, դրսից ներդրողներ ենք հրավիրել, մեզ օգնեք, որ աշխատենք։ Նամակներին ոչ մի արձագանք չի եղել։ Մեր նպատակն էր ստեղծել ամբողջական սպասարկում, որ հարազատը իր սուգը չթողնի, ընկնի քաշքշուկի մեջ»,- ասաց ՍՊԸ–ի հիմնադիրներից Հրաչյա Մուրադյանը։
Նա ևս աբսուրդային է համարում oրենքի նախագծի հեղինակ Նարեկ Զեյնալյանի այն հայտարարությունը, թե իրենց լիցենզիան միայն դիահերձման մասով է կասեցվում։
«Ո՞նց են պատկերացնում` հանգուցյալին պետք է դիահերձեն հիվանդանոցում, հետո բերեն, որ մենք հագցնենք կամ դիմահարդարե՞նք։ Ոչ ոք դա չի անի, որովհետև նույն պետական հիվանդանոցներում այդ բոլոր ծառայությունները անօրինական են գործում, և ոչ մի տեղ չեն արձանագրվում»,- նշեց Մուրադյանը։
ՍՊԸ-ի մեկ այլ սեփականատեր՝ Արթուր Աբելյանը, շեշտեց` իրավական ու բարոյական առումով սխալ է, որ անժամկետ լիցենզիա են տալիս, մարդը միլիոնների ներդրում է անում, հետո զրկում են դրանից։
«Միայն շինարարության վրա միլիոններ ենք ծախսել, մի որոշ ժամանակ առաջ էլ պահանջում էին, որ պետք է անպայման դիակիզարան ունենանք, իսկ դրա ամենաէժան սարքավորումները մոտ 450 000 եվրո արժեն, մտածում էինք` կաշխատենք, կանենք, բայց այդքան գումար ծախսենք այն դեպքում, երբ այս երկրում ով քնից ելնում է, օրենքի փոփոխություն է անում։ Ինչի՞ համար անենք»,- ավելացրեց Մուրադյանը։
Նրանք վստահեցրին, որ 5 տարվա գործունեության ընթացքում մինչ օրս ոչ մի պաշտոնյա չի եկել, չի հարցրել, թե ինչ հոգս ունեն։
«Միայն 44-օրյա պատերազմի օրերին էինք մենք պետք, երբ քաղաքապետարանից, թաղապետարանից դիմում էին, որ առանց գումարի աջակցեինք զոհվածների հարազատներին, որպեսզի հուղարկավորության արարողություններն անեն։ Դա էլ ենք արել, անգամ մի թղթապանակ ունենք, որտեղ բոլորի անունը ֆիքսված է։ Խոստացան, որ կփոխհատուցեն, թեկուզ հոսանքի գումարի փոխարեն, բայց ոչ մի լումա փոխհատուցում չեղավ։ Դրանից հետո, երբ հոգեհանգստի սրահների լիցենզիայի համար 1.5 միլիոն դրամ պետք է մուծեինք, խնդրեցինք, որ գոնե ընդառաջեն, եռամսյակը մեկ 500 000 դրամ մուծենք, ոչինչ չարեցին։ Սա է մեր պետության դեմքը,- ասաց Մուրադյանը և ավելացրեց,- երբ աշխատող մարդկանց ձեռքի մի շարժումով թողնում են անգործ, նույնն է, թե սեփական երկրից դուրս են անում»։
ՍՊԸ-ի սեփականատերերից Արա Պետրոսյանը շեշտեց, որ ԱԺ առողջապահության այդ հանձնաժողովում ոչ միայն իրենց հետ քննարկում չեն անցկացրել, այլև որևէ լուրջ մասնագետի, բժշկի հետ չեն քննարկել, քանի որ օրենքի փոփոխությունն իր մեջ ռիսկեր է պարունակում։ Մասնավորապես, ըստ նոր օրենքի, եթե հիվանդի մոտ առկա է ճշտված, եզրափակիչ կլինիկական ախտորոշում, պարտադիր դիահերձում չի իրականացվի, դա կլինի միայն հարազատների ցանկությամբ։
Մինչդեռ Պետրոսյանը կասկածներ ունի, որ հիվանդանոցի դիահերձարանը չի կարող օբյեկտիվ լինել և ճիշտ բացահայտել մարդու մահվան պատճառը, քանի որ, օրինակ, կարող են թաքցնել բժշկի սխալը։ Նրա խոսքով` առողջապահության նախարարությունը դեռ պետք է ապացուցի հիվանդանոցային ախտաանատոմիական բաժանմունքների թափանցիկությունը։
«
Հայաստանում գրանցված մահերի զգալի մասը լինում է տանը։ Երբեմն մարդիկ ունենում են գանգատներ, բայց բժշկի չեն դիմում, ստացվում է` նրանց մահվան պարագայում չկա բժշկական փաստաթուղթ, որի հիման վրա դիահերձում չկատարվի։ Այդ դեպքում ի՞նչ են անելու, ինչպե՞ս են մահվան թուղթ տալու»,- տարակուսեց Պետրոսյանը։
«Քաղաքային պաթոլոգիայի գիտագործնական կենտրոն» ՍՊԸ-ն, որը գործում է երկու տարբեր հասցեներում և միաժամանակ մի քանի հիվանդանոցներ է սպասարկում, ևս հայտնվել է լիցենզիայի կասեցման վտանգի տակ։
ՍՊԸ-ի գլխավոր բժիշկ Ռուբեն Խանդոյանը վստահ էր, որ իրենք չեն մտնում այդ 8 կազմակերպությունների ցանկում։ Փետրվարի 2-ի նիստից հետո նա կապ է հաստատել առողջապահության նախարարի գլխավոր խորհրդականի հետ, ու նրան վստահեցրել են, որ երկրորդ քննարկմանը կհրավիրեն բոլոր շահագրգիռ կողմերին, ինչը սակայն այդպես էլ տեղի չի ունեցել, օրենքը լուռումունջ ընդունվել է։
«Ես դեմ եմ, որ դիահերձումը պարտադիր չլինի։ Դա գուցե ընդունելի է Եվրոպայում, քանի որ հարազատներն իրենց տարեց ազգականի համար բավական գումար են ստանում։ Հայաստանում իրավիճակն այլ է։ Օրինակ` ենթադրենք, թե մարդը օնկոլոգիայով հիվանդ է, տան անդամներից մեկը բարձը դնում է բերանին ու խեղդում, որ բնակարանը մնա իրեն, բերում են մեզ մոտ, ասում են` դե, գիտենք, որ օնկոլոգիա է, պետք չէ դիահերձել։ Ստացվեց, որ հանցագործությունը մնաց անպատիժ»,- պարզաբանեց գլխավոր բժիշկը։
Նա էլ է կարծում, որ օրենքի փոփոխություններում ոչ մի ռիսկ հաշվի չեն առել։
«Մենք ամեն կերպ պայքարելու ենք։ Եթե լիցենզիայի կասեցման թուղթը եկավ, միանգամից դիմելու ենք առաջին ատյանի դատարան և մինչև Սահմանադրական դատարան հասնելու ենք, որովհետև մեզ լիցենզիան անժամկետ է տրված»,–հավաստիացրեց Խանդոյանը։
ՍՊԸ-ի տնօրեն Հարություն Խուբլարյանի խոսքով` հենց իրենք են որպես մասնավոր առաջին դիահերձարան 2012 թվականին լիցենզիա ստացել։
«Այս շենքը դեռ Խորհրդային Միության տարիներին դատական դիահերձարան է եղել։ Իր տարածքով, սարքավորումների հագեցվածությամբ հանրապետությունում ոչ ոք նմանը չունի, դրա հիման վրա մեզ լիցենզիա տվեցին։ Ես մասնավոր եմ, բայց այնքան ներդրում եմ արել այս ոլորտում, որ նույնիսկ ամենալավ հիվանդանոցներն իրենց դիահերձարանի համար այդքան չեն արել։ Ու մեզ էլ են ասում` պարտադիր կցվեք որևէ հիվանդանոցի, թե չէ՝ կփակվեք»,- ասաց Խուբլարյանը։
Նրա խոսքով` իրենք ոչ մի հարցում կաշկանդված չեն մահվան իրական պատճառը բացահայտելու համար։
Մեզ հաջողվեց կապ հաստատել նաև Արթիկում գործող դիահերձարանի տնօրեն Մառլեն Ղազարյանի հետ։
Նա ասաց, որ իր ՍՊԸ-ն գործում է 2019 թվականի հուլիսից, դիահերձարանը հիմնելու համար 60 միլիոն դրամ վարկ է վերցրել, բոլոր չափորոշիչներին համապատասխան դիահերձարան կառուցել, ու այդ չափորոշիչների մեջ հյուսվածքաբանական լաբորատորիա ունենալու պահանջը չի եղել։
«Թող դա էլ պահանջեին, մենք կմտածեինք` այդ ծախսի տակ մտնենք, թե չէ, ոչ թե այսքան ներդրում անեինք, պարտքեր կուտակեինք ու ասեին` դե, զրկում ենք լիցենզիայից։ Ենթադրենք` ես միանամ Արթիկի հիվանդանոցին, ախր այդ հիվանդանոցը տարրական ռենտգեն հետազոտության սարք չունի, մանրադիտակ չունի, էլ ուր մնաց` հյուսվածքաբանական լաբորատորիա, որպեսզի բացահայտվի մահվան իրական պատճառը»,- նշեց Ղազարյանը։
Քանի որ Շիրակի մարզն ունի ընդամենը 2 դիահերձարան, նրան շատ է հուզում, թե ինչ է լինելու, եթե իր ՍՊԸ-ն փակեն։ Ստացվում է` մարդիկ Արթիկից (չհաշված ավելի հեռու համայնքները) առնվազն 29 կմ պետք է կտրեն-անցնեն, հասնեն Գյումրի, հետո վերադառնան Արթիկ, ապա նոր հաջորդ օրը գնան իրենց հանգուցյալի հետևից ու հավելյալ 90 կմ-ի ծախս անեն։
«Էլ չեմ ասում, որ մարդիկ գումար չունեն, որ սգո սրահի ծառայություններից օգտվեն, երբեմն դիահերձումն էլ ենք «նիսյա» անում։ Բացի այդ, ինձ մի հարց է հետաքրքրում, ենթադրենք` մարդը օնկոլոգիայով հիվանդ է և 20 օր պառկած է վերակենդանացման բաժանմունքում, բնականաբար բժշկական բազում միջամտություններ են կատարվել, ո՞նց են պատկերացնում առանց դիահերձման հուղարկավորելը։ Նրանք պատկերացնո՞ւմ են այդ հոտը, անմխիթար վիճակը, ի վերջո, հանգուցյալի արտաքին տեսքը պետք է պահպանվի։ Որ իրենց հարազատը լինի, նման բան կանե՞ն»,- ասաց նա։
Ղազարյանը շեշտեց, որ առաջին քննարկումից հետո անձամբ է խոսել առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանի հետ, նա էլ հավաստիացրել է, որ առանց լայն քննարկման օրենքի փոփոխություն չեն անելու։
«Գոռ-Ավետիս» ՍՊԸ-ն էլ սկսել է գործել նախորդ տարվա վերջից։ Փաստորեն, հսկայական ներդրումներ անելուց առաջ ոչ մեկը չի տեղեկացրել, որ լիցենզիան կարող է թիթեռի կյանք ունենալ։ Թե ինչ են անելու նման իրավիճակում, ՍՊԸ-ի հիմնադիրները դեռ չգիտեն։
Նույն վիճակում է նաև «Կարշին Կոմֆորտ» ՍՊԸ-ն` համաձայն չեն օրենքի փոփոխությանը, իրենց անելինքն էլ չգիտեն։
Հատկանշական է, որ 8 կազմակերպությունների ցանկում ներառված էր նաև «Լեբեն» ՍՊԸ-ն։ Սակայն մեր այցի ժամանակ ՍՊԸ-ից հավաստիացրին, որ անհնար է` իրենք այդ ցանկում լինեն։ Տնօրենը կապ հաստատեց առողջապահության նախարարության հետ, որից հետո հայտարարեց` իրենք այդ ցանկում չկան։
Երբ Լիցենզավորման վարչությունից փորձեցինք հասկանալ, թե ինչն է պատճառը, որ մեզ 8 կազմակերպության ցանկ են տվել, պարզաբանեցին` սխալմունք է եղել, իրականում կազմակերպությունները 7-ն են։ Նշենք, որ այդ անճշտությունները արձանագրվել են մարտի 25–ին, մինչդեռ օրենքն ընդունվել էր մարտի 4–ին։
Մեզ հաջողվեց պարզել, որ 2017-2018 թվականներին «Լեբեն» հիվանդանոցի լիցենզիան կասեցվել է, սակայն դիահերձարանին տրված հիվանդանոցային լիցենզիան մնացել է։ Այն ժամանակ, երբ հիվանդանոցի գործունեությունը Լիցենզավորման վարչությունը կասեցնում էր, պարտավոր էր ՍՊԸ-ին տրված ախտաանատոմիական լիցենզիան կա՛մ կասեցնել, կա՛մ վերանայել` դարձնելով արտահիվանդանոցային։
Ստացվում է` ՍՊԸ-ն անօրինական է գործում։ Հիմա հարց է առաջանում, թե այդ ում կախարդական փայտիկի շնորհիվ «Լեբենը» հաշված րոպեների ընթացքում դուրս եկավ 8 ընկերությունների ցանկից։
7 կազմակերպությունների տնօրենները միաբերան նշեցին, որ ոչ թե պետք էր մասնավոր բառի վրա շեշտը դնել, այլ պայմանները խստացնել, որպեսզի պահանջներին համապատասխանողները կամ մասնակի համապատասխանողները թերությունները շտկեին, իսկ չհամապատասխանողները փակվեին, քանի որ մի շարք ճանաչված հիվանդանոցներ չունեն պատշաճ դիահերձարաններ, սառնարանային համակարգ, լավագույն դեպքում կարող են 3-4 հանգուցյալի տեղավորել այնտեղ։
Եթե խոսում ենք դիահերձմանների թափանցիկությունից, ապա նշենք նաև, որ մասնավորների գործունեության ընթացքում նրանց դեմ ոչ մի բողոք չի եղել, մինչդեռ կան հիվանդանոցային դիահերձարաններ, որոնց հետ կապված մի շարք քրեական գործեր կան հարուցված։
Հավելենք, որ այս կազմակերպությունները մտադիր են առաջիկայում իրենց իրավունքները պաշտպանել դատարանում։