ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի– Sputnik. Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստում ԱՀ արտգործնախարար Դավիթ Բաբայանն ասաց, որ մենք գտնվում ենք երևի մեր պատմության ամենաբարդ ժամանակահատվածում։
«Մենք դարեր շարունակ անցել ենք շատ բարդությունների միջով, ունեցել ենք կորուստներ, բայց հիմա մեր առջև դրված է մեր ժողովրդի, մեր պետականության ապագայի հարցը։ Մենք պետք է սա քաջ գիտակցենք։ Հիմա որոշվում է ոչ միայն Արցախի, այլև հայ ժողովրդի, Հայոց պետականության ճակատագիրը»,- ասաց նա։
Բաբայանը շեշտեց, որ այդ պատասխանատվության զգացումը մենք պետք է միշտ ունենանք։
«Խոսելով Արցախի կարգավիճակի, տարբեր նշաձողերի մասին` պետք է նշել, որ մենք նշաձողեր չունենք այլևս, այլ ունենք կարմիր գծեր, որոնց խախտումը կբերի ողբերգության։ Ադրբեջանի կազմում Արցախը ունի ընդամենը մեկ ապագա` ցեղասպանություն։ Հայրենիքը կորցնելու ենք։ Արցախի կորստից հետո չի լինելու Հայաստանի Հանրապետություն, ընդամենը ժամանակի խնդիր է լինելու»,- ասաց Բաբայանը։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին ԱԺ-ում` կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարել էր` միջազգային հանրությունը ուղիղ ասել է, որ Հայաստանը պետք է մի փոքր իջեցնի ԼՂ կարգավիճակի հարցում իր նշաձողը, ինչի շնորհիվ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի և Արցախի շուրջ։
Դրան հաջորդել էր Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ շտապ խորհրդակցությունը Արցախի արտգործնախարարի ու ԱԽ քարտուղարի մասնակցությամբ։
Նշենք, որ այսօր Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստում հայտարարություն ընդունեց, որով պահանջում է, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն Արցախի հարցում իրենց աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես Արցախի շահով։