ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Շուշին Ադրբեջանին հանձնելու հարցը բանակցային սեղանին եղել է 1996թ-ից։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` իր ելույթում ներկայացնելով ԼՂ բանակցային գործընթացի որոշ մանրամասներ։
Նրա խոսքով` 1997թ-ից նախատեսվում էր հարցը բաժանել մի քանի մասերի` սկզբում Ղարաբաղի հարց, հետո խաղաղության պայմանագիր։
«2018թ-ի փաթեթով էլ է այդպես. 2016թ-ի փաթեթով էլ է այդպես։ Այդ փաթեթի մեջ շատ հստակ գրված է, որ այս նախնական սկզբունքները համաձայնեցնում են, հետո սկսվում է կառավարությունների միջև խաղաղության բանակցություններ։ Հիմա շատ կարևոր մի արձանագրում` ԼՂ ներկայացուցիչների մասնակցությանբ։ Այստեղ է, որ այդ «ԼՂ ներկայացուցիչներ» ասելով` նկատի էր առնվելու ԼՂ հայեր ու ԼՂ ադրբեջանցիներ։ Եվ այդ կարգավորման առաջարկով` ԼՂ ադրբեջանցիները նստելու էին բանակցությունների սեղանի շուրջ ու որևէ կարգավորում չէր լինելու` մինչև այդ հարցը չլուծվեր, մինչև Շուշիի հարցը չլուծվեր, որը 1996թ-ից սեղանի շուրջ է եղել։ Սերժ Սարգսյանը հանձնելո՞ւ էր Շուշին, չէ՞ր հանձնելու` պատերազմ էր սկսվելու»,- ասաց Փաշինյանը։
Նա նաև հայտարարեց, որ ասվածը վերաբերում է ոչ միայն Շուշիին, այլև ԼՂ տարածքի մի մասին։
«Եվ մեզ այսօր ասում են` Ղարաբաղը հանձնեցին կամ հանձնում են, կամ ուզում են հանձնեն։ Եթե մենք Ղարաբաղն ուզեինք հանձնել, Սերժ Սարգսյանի թողած բանակցային տրամաբանությունը մինչև վերջ տանեինք, դրանով Ղարաբաղը հանձնած կլինեինք,- հայտարարեց Փաշինյանը,- մեզ ասում են` Շուշին հանձնել եք։ Ո՛չ, պատերազմը Շուշիի համար է եղել։ Մեզ ասում են` կանգնեցնեիք պատերազմը։ Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել»։
ՀՀ վարչապետը հայտարարեց, որ իշխանությունն իրականում պատերազմել է ոչ թե տարածքներ հանձնելու, այլ հակառակը` չհանձնելու համար։
«Եթե մենք այլ ճանապարհով գնանք, մենք Ղարաբաղը հանձնելու ենք։ Փառուխի դեպքերը ձեզ օրինակ` կտոր-կտոր»,- ասաց նա։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից 5 պայմանագրային զինծառայող է վիրավորվել։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել էին նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Իրավիճակի սրացման պատճառով Խրամորթից տարհանվել են երեխաներն ու կանայք։
Մարտի 29-ին ադրբեջանցիները հեռացել են Փառուխից, ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց ադրբեջանցիները շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։
Արցախի իշխանություններն ու խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանցիներին այդտեղից հեռացնելու նպատակով։