«Վաղը պետք է հաղթել և չմտածել անցյալի մասին». Հենրիխ Մխիթարյան

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. «Բուդե–Գլիմտը» բարձրակարգ թիմ է, սակայն «Ռոման» ռևանշի ու հաղթանակի է տրամադրված։ Այս մասին Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչի շրջանակում նորվեգական ակումբի հետ կայանալիք պատասխան խաղից առաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ռոմայի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն։
Նա նշել է, որ չնայած առաջին խաղում «Բուդե-Գլիմտը» կարողացավ հաղթանակ տանել 2:1 հաշվով, սակայն«Ռոման» սովոր է այնպիսի խաղերի, երբ պետք է լրացնել բաց թողածը։ Որպես թարմ օրինակ նա հիշեցրեց Իտալիայի առաջնության վերջին խաղը «Սալերնիտանի» դեմ, որում «գայլերը»՝ պարտվելով 0:1 հաշվով, 80-րդ րոպեից հետո երկու գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։
Մոուրինյոյից հետո ելույթ ունեցող Հենրիխ Մխիթարյանին լրագրողները հիշեցրին, որ գրեթե յուրաքանչյուր ակումբում նա ինչ-որ ձերքբերում ունեցել է (բացի «Արսենալից»- խմբ.)։ «Ռոմայի» հետ նա դեռ ավարներ չունի, բայց այժմ մոտ է դրան։

«Իհարկե, ավարները կարևոր են, բայց վաղը պետք է հաղթել և չմտածել անցյալի մասին։ Բոլոր մտքերս կենտրոնացած են սպասվող խաղի վրա»,- նշել է նա։

Լրագրողները նաև ուշադրություն հրավիրեցին այն հանգամանքին, որ այս խաղաշրջանում նա տարբեր դիրքերում է խաղում և բոլոր տեղերում իրեն լավ է դրսևորել` թե՛ որպես վինգեր, թե՛ որպես դիսպետչեր, իսկ հիմա խաղում է հարձակվողի դիրքում։
«Ես ջանում եմ օգուտ բերել թիմին, դաշտի որ հատվածում էլ խաղամ։ Կարևորը այնպես անելն է, որ թիմը հաղթի»,- հավելել է Մխիթարյանը։
Նշենք, որ խաղաշրջանի մեկնարկից ի վեր Մխիթարյանը Իտալիայի առաջնությունում 29 խաղ է անցկացրել, 4 գոլի հեղինակ դարձել և կատարել 6 արդյունավետ փոխանցում, իսկ Կոնֆերենցիաների լիգայի 6 խաղերում 1 փոխանցում կատարել։