Ուկրաինական ճգնաժամը խորանում է. Էրդողանի ներկայացուցիչը` սառը պատերազմի նոր փուլի մասին

Իբրահիմ Քալըն
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը կարծում է, որ դիմակայության հետևանքները տասնամյակներ շարունակ են զգացվելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Ուկրաինական ճգնաժամը շարունակում է խորանալ, աշխարհը սառը պատերազմի նոր դարաշրջան է թևակոխել։ Այս մասին Twitter-ում գրել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։

«Ուկրաինական ճգնաժամը շարունակում է խորանալ։ Փոխադարձ սխալները, ուժերի նոր հավասարակշռության փնտրտուքը և շահերի վերաբերյալ կարճաժամկետ հաշվարկները միջնաժամկետ հեռանկարում ռազմավարական մեծ կորուստների ու մարդկային ողբերգության կհանգեցնեն։ Մենք սառը պատերազմի նոր դարաշրջան ենք թևակոխել։ Այդ պատերազմի հետևանքները կպահպանվեն տասնամյակներ շարունակ»,- նշել է Քալընը։

Նրա կարծիքով` նոր հավասարակշռություն կհաստատվի բոլոր ոլորտներում` արդյունաբերականից, էներգետիկ անվտանգությունից մինչև աշխարհաքաղաքական դինամիկա և տարածաշրջանային դաշինքներ։
Քալընը հավելել է, որ Անկարան կպահպանի իր հավասարակշռված դիրքորոշումն ու կշարունակի ճգնաժամային այս ժամանակաշրջանում խաղաղության, կայունության, անվտանգության և արդարության հաստատման իր բազմակողմանի նախաձեռնությունները։
Նշենք, որ Անկարան փորձում է ուկրաինական հարցում «չեզոքություն» պահպանել։ Թուրքիան չի միացել ՌԴ-ի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին, սակայն փակել է նեղուցները ռազմական բոլոր նավերի համար։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 49-րդ օրը։