Ռուսաստանը «սև ցուցակում» է ներառել ԱՄՆ-ի 328 կոնգրեսականներին ու Կանադայի 87 սենատորներին

ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը հայելային արձագանքով պատժամիջոցների «սև ցուցակ» է ներառել ԱՄՆ-ի և Կանադայի օրենսդիրներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը հայելային պատասխան է տվել ԱՄՆ-ին ու Կանադային։ ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է, որ «սև ցուցակում» են ներառվել Միացյալ Նահանգների 328 կոնգրեսականներն ու Կանադայի 87 սենատորները։
Ըստ հաղորդագրության` հաշվի առնելով Ջո Բայդենի վարչակազմի հակառուսական հերթական ալիքը, որով «սև ցուցակում» է ներառվել ՌԴ խորհրդարանի գրեթե ամբողջ կազմը, «հայելային» պատժամիջոցներ են սահմանվում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 328 անդամների նկատմամբ:
«Կանադայի իշխանությունների` մարտի 24-ի հայտարարության կապակցությամբ փոխադարձության հիմքով պատասխան միջոցներ են սահմանվում կանադական խորհրդարանի գործող սենատորների նկատմամբ»,- հայտնում է ԱԳՆ-ն։
Կանադան «սև ցուցակում» է ներառել ՌԴ դաշնային ժողովի Դաշնային խորհրդի ամբողջ կազմին` նրանց վրա տարածելով պատժամիջոցները, այդ թվում` երկիր մուտք գործելու արգելքը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 49-րդ օրը։