Ռուսաստանը կշարունակի աջակցել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը

ՌԴ ԱԳՆ-ի շենքը
Մարիա Զախարովայի խոսքով` հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմքը եռակողմ պայմանավորվածություններն են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը։
«Մենք ելնում ենք նրանից, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմքը 2020 թվականի վերջին և 2021 թվականի ընթացքում ՀՀ, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածություններն են»,- ասել է Զախարովան։
Ապրիլի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի ընթացքում կարևորվել են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման և դելիմիտացիայի աշխատանքների մեկնարկի մասին պայմանավորվածությունները: Ռուսաստանի Դաշնության նախագահը պատրաստակամություն է հայտնել լիարժեք աջակցել նշված գործընթացներին:
«Ռուսաստանը կշարունակի բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման համար»,- ասել է Զախարովան։
Ինչ վերաբերում է ԵՄ դերին, ապա այդ թեմայով գնահատականներ է տվել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ չգիտի` ինչ ճակատագիր կունենա ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եռյակը։