ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. 2018թ–ի հեղափոխությունից հետո իշխանության եկած քաղաքական թիմից բանակում ոչ ոք չի նշանակվել։
Այս մասին այսօր ԱԺ–ում կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ընթացքում հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով 2020թ–ի 44-օրյա պատերազմի մասին հանգամանքները պարզելու մասին պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին։
Փաշինյանը շեշտեց, որ պաշտպանության նախարարը եղել է Դավիթ Տոնոյանը, ով եղել է Սերժ Սարգսյանի կառավարության անդամ` արտակարգ իրավիճակների նախարար։
«Մենք մտածել ենք, որ բանակն, այնուամենայնիվ, մի ուրիշ ընտանիք է, և պետք չէ շատ մտնել ու այդ ընտանիքի ներքին հարցերը խառնել` վերահաս հասկանալով, որ ամեն պահի վտանգ կա, ու կարող է էսկալացիա լինել»,– ասաց Փաշինյանը։
Այսօր արդեն, ըստ վարչապետի, պարզ է դարձել, որ դա սխալ մոտեցում է եղել։
«Ես առաջին անգամ պատերազմի մեկնարկից մի քանի օր հետո եմ իմացել, որ մեր բանակում կա սաղավարտի ու զրահաբաճկոնի խնդիր։ Բա մենք 100 միլիոնավոր դոլար էինք տալիս, զենք էինք առնում, ի՞նչ է՝ դժվա՞ր էր սաղավարտ ու զրահաբաճկոն ձեռք բերել»,– ասաց վարչապետը` հավելելով, որ անհրաժեշտ է գնալ մինչև վերջ ու պարզել իրականությունը։
«Այս ամենի արդյունքում է, որ ես որոշում եմ կայացրել, որ պաշտպանության նախարարը պետք է լինի քաղաքական թիմի ներկայացուցիչ և հիմա հետահայաց ցավում եմ, որ այդ որոշումը շուտ չեմ կայացրել։ Բայց մյուս կողմից էլ, անկեղծ ասեմ, շատ վստահ էլ չեմ, որ դա հենց ի սկզբանե էր պետք է անել»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է բանակի ներկա վիճակին, Փաշինյանը նշեց, որ այն այսօր ամենադժվարին` տրանսֆորմացիայի փուլում է, քանի որ բարեփոխումները շատ դժվար ճանապարհ են բանակի համար։