ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Ֆրանսիայի նախագահի թեկնածու և «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին լը Պենը հայտարարել է, որ իր` նախագահ ընտրվելու դեպքում Ֆրանսիան դուրս կգա ՆԱՏՕ-ից: Ընդ որում, նա մտադիր չէ երկիրը դուրս բերել ԵՄ-ից։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Եթե ինձ նախագահ ընտրեն, ես դուրս կգամ ՆԱՏՕ-ի միացյալ հրամանատարությունից, բայց չեմ հրաժարվի Հյուսիսատլանտյան դաշինքի անդամների միջև փոխադարձ պաշտպանության մասին 5-րդ հոդվածից»,- ասել է լը Պենն իր արտաքին քաղաքական ծրագրին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա ընդգծել է, որ ֆրանսիական զորքերը չի հանձնի ո՛չ դաշինքի միացյալ հրամանատարության տնօրինությանը, ո՛չ էլ եվրոպական հրամանատարության ապագա տնօրինությանը: Նրա խոսքով՝ Ֆրանսիան չի ենթարկվի ամերիկյան պրոտեկտորատին։
Սա լը Պենի առաջին նման հայտարարությունը չէ։ Դեռևս փետրվարին նա ասել էր, որ անհրաժեշտ է դուրս գալ ՆԱՏՕ-ից, որպեսզի Ֆրանսիային այլևս չներքաշեն իր համար օտար հակամարտությունների մեջ: Նրա խոսքով` հայրենիքի և կենսական շահերի պաշտպանությունը չի կարող որևէ մեկին պատվիրակվել։
Ինչպես արդեն հայտնել ենք, Ֆրանսիայում նախագահի ընտրության առաջին փուլում թեկնածուներից որևէ մեկին չէր հաջողվել ստանալ ձայների մեծամասնությունը: Ապրիլի 10-ին կայացած ընտրության արդյունքներով` գործող նախագահ Էմանուել Մակրոնը ստացել է 27,8, իսկ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը 23,1 տոկոս ձայն:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 24-ին: