Լրջագույն փորձություն է ՌԴ–ի խաղաղապահների համար. Փաշինյանը` Փառուխի դեպքերի մասին

Ռուս խաղապահները Արցախի Փառուխ համայնքի մոտ. Արխիվային լուսանկար
Փաշինյանի խոսքով` տարակուսանքի տեղիք է տալիս նաև այն փաստը, որ երեկ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի թույլատրել ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների մուտքն Արցախ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրս բերումը բացարձակ անհրաժեշտություն է և լրջագույն փորձություն ԼՂ–ում ՌԴ խաղաղապահ առաքելության համար։ Այս մասին այսօր ԱԺ–ում Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա հիշեցրեց, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գնվող Փառուխ գյուղում Ադրբեջանի ԶՈւ–ի ստորաբաժանումների ներխուժումն ի ցույց դրեց, որ Ադրբեջանը չի պատրաստվում բավարարվել արցախցիների հանդեպ հոգեբանական ահաբեկչությամբ և ուզում է զինված ահաբեկչության միջոցով Արցախը հայաթափել, ինչն Ադրբեջանի հիմնական և առանցքային խնդիրներից է։
«Տարակուսանքի տեղիք է տալիս նաև այն փաստը, որ երեկ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի թույլատրել ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների մուտքն Արցախ։ Այդ գործելաոճը հակասում է նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության այն դրույթին, որ Լաչինի միջանցքը հենց դրա համար էլ նախատեսված է, որպեսզի ապահովվի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապը»,–ասաց Փաշինյանը։
Նա շեշտեց, որ ըստ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության, Լաչինի միջանցքում որևէ կարգի ստուգման գործառույթ նախատեսված չէ` առավել ևս ԱԺ պատգամավորների շարժը արգելելու համար։
Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն երեկ բոյկոտել էին ԱԺ նիստը և ասել, որ չեն մասնակցելու դրան, քանի որ Արցախ են մեկնելու։
Սակայն երեկոյան ընդդիմադիր պատգամավորները ֆեյսբուքյան իրենց էջերում գրառումներ էին անում` հայտնելով, որ չեն կարողացել Արցախ մտնել։
Մասնավորապես, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրել էր, որ ադրբեջանական կողմը ստացել է Արցախ մեկնող պատգամավորների ամբողջական ցուցակը և այն փոխանցել ՌԴ խաղաղապահ ուժերի օպերատիվ շտաբ՝ պահանջելով արգելել նրանց մուտքը Արցախ:
Դրան հաջորդեց ՀՀ արտգործնախարարության հայտարարությունը, որում մասնավորապես նշվում էր, որ ԱԳ նախարարությունը մտահոգված է այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ: