ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անընդունելի է համարում Ադրբեջանի առաջարկությունները։
Այս մասին նա հայտարարել է Մարտակերտի շրջանում վարչակազմի ղեկավարների և բնակչության ակտիվ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
«Մենք հասկանում ենք, որ պետք է ապրենք հարևանությամբ, պահենք այդ հարևանությունը, բայց միևնույն ժամանակ, ենթակայությունը հնարավոր չէ։ Տարբերակը, որով մենք պետք է առաջնորդվենք` պահպանել ստատուս քվոն, ռուս խաղաղապահ ուժերը շարունակելու են մնալ այստեղ անժամկետ, քանի որ այստեղ Արցախի բնակչության ավտանգության երաշխավորներն են, շարունակել ապրել այստեղ` ունենալով դե ֆակտո անկախություն, ձգտելով դե յուրե հետագա փոփոխության։ Կարող է լինել նաև Հայաստանի հետ միացում, ինչը քիչ հավանական եմ համարում»,- նշել է Հարությունյանը։
Նրա խոսքով` կարող են որոշակի հարաբերություններ լինել նաև Ռուսաստանի հետ պարզապես ուղղահայացի շրջանակներում։
Հիշեցնենք, որ Մարտակերտում հանդիպման ժամանակ մասնակիցների հետ քննարկել է աշխարհաքաղաքական վերջին զարգացումները և այդ համատեքստում՝ Արցախում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը, անվտանգային և սոցիալ-տնտեսական խնդիրները։ Նախագահը վերահաստատել է Արցախի իշխանությունների հավատարմությունը՝ ԱՀ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա անկախության և պետականաշինության համար պայքարին։
Երկրի ղեկավարը անդրադարձել է նաև էներգետիկ և պարենային անվտանգության ապահովման խնդիրներին և նշել, որ արդեն աշխատանքներ են տարվում արևային էներգետիկայի զարգացումը, փոքր ՀԷԿ-երի, անտառային ու բնական այլ ռեսուրսների և հողատարածքների ռացիոնալ օգտագործումն ապահովելու ուղղությամբ։