Կա պատկերացում, որ հայ պատանդների հերթական խումբը պետք է ազատ արձակվի. Միրզոյան

Արարատ Միրզոյանը նշում է, որ ադրբեջանական կողմը գերիների վերադարձի խնդիրը տարբեր հարցերի հետ է կապում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Գերիների հարցը քննարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ապրիլի 6-ի հանդիպման ժամանակ։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Ինչպես ակնկալելի էր` թեման քննարկվել է Փաշինյանի, Շառլ Միշելի և Ալիևի հանդիպման ժամանակ։ Կա պատկերացում, որ հայ պատանդների հերթական խումբը պետք է ազատ արձակվի։ Մենք հիմա շարունակում ենք դրա շուրջ բանակցել»,- ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով` գերիների ազատ արձակման խնդիրն ԱԳՆ-ի առաջնային ուշադրության հարցն է։ Նախարարը վստահեցնում է` չկա որևէ լուրջ հանդիպում կամ քննարկում, որտեղ այս հարցը չի քննարկվել։
Միրզոյանը նշում է, որ ադրբեջանական կողմը գերիների վերադարձի խնդիրը տարբեր հարցերի հետ է կապում` ականապատ տարածքների քարտեզների վերադարձի, առաջին ղարաբաղյան պատերազմում անհայտ կորածների հետ։ ԱԳ նախարարը հավելեց, որ գերիների վերադարձն ուղղակի Ադրբեջանի պարտականությունն է, որը «թղթի վրա գրված է»։
Ինչ վերաբերում է այս հարցով միջնորդներին, ապա Միրզոյանը նշեց, որ ՀՀ–ին աջակցում են Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։
Հիշեցնենք, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի մարտի 21-ի նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ ադրբեջանական գերության մեջ է 38, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձ:
Հավելենք, որ ոչ պաշտոնական տվյալներով՝ հայ գերիների թիվն ավելի շատ է։