Ջո Բայդենն ու Վլադիմիր Զելենսկին ավելի քան մեկ ժամ խոսել են հեռախոսով

Զելենսկին ու Բայդենը
Բայդենն ու Զելենսկին քննարկել են Ուկրաինային տրամադրվող օգնության թեման։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում խոսել է Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու հարցում ամերիկյան վարչակազմի ջանքերի մասին։ Տեղեկությունը հայտնում է Սպիտակ տունը։
Զրույցը, որը նախաձեռնել է ամերիկյան կողմը, տևել է մոտ մեկ ժամ։
Բայդենը Զելենսկուն հայտնել է, որ Ուկրաինային 800 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացվելու, որում ներառվելու են զրահափոխադրիչներ, ուղղաթիռներ և հրետանի։

Վլադիմիր Զելենսկին էլ Twitter–ում գրել է, որ ԱՄՆ նախագահի հետ քննարկել է հարցեր, որոնք վերաբերում են Ուկրաինային տրամադրվելիք լրացուցիչ ռազմական ու հնարավոր մակրոֆինանսական աջակցությանը և ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների խստացմանը։

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 49-րդ օրը։