ՀՀ–ն չի հրաժարվում ԵԱՀԿ ՄԽ հովանու տակ բանակցություններ իրականացնելու գաղափարից. Փաշինյան

ՀՀ վարչապետը փաստեց, որ Ուկրաինայի իրադարձությունների բերումով համանախագահության ներսում հարաբերությունները ծայրաստիճան լարված են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Հայաստանը չի հրաժարվում ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո բանակցություններ իրականացնելու գաղափարից։ Այսօր ԱԺ–ում կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իրականությունը մի փոքր այլ է,– ասաց նա,– մենք այդ գաղափարից չենք հրաժարվել, պաշտպանում ենք այդ գաղափարը, բայց նաև գիտենք, որ Ուկրաինայի իրադարձությունների բերումով համանախագահության ներսում հարաբերությունները ծայրաստիճան լարված են»։
Փաշինյանը շեշտեց, որ այդ լարվածությունը սկիզբ էր առել դեռ 2011թ–ին` Սիրիայի իրադարձություններից սկսած, ինչը նաև իր բացասական ազդեցությունն ունեցավ մեր տարածաշրջանի վրա։

«Հիմա այդ լարվածությունը հաշվի առնելով` մենք չենք կարող պասիվ սպասել համանախագահության գործողություններին։ Մյուս կողմից` երկկողմ խոսակցությունների մեկնարկը որևէ կերպ չի արգելում համանախագահության ներգրավմանը գործընթացքում, և մենք պաշտպանում ենք այդ գաղափարը»,– ասաց Փաշինյանը` վերահաստատելով այն համոզմունքը, որ երկխոսության մեկնարկը պետք է տրվի հնարավորինս արագ։

Վարչապետը հույս հայտնեց, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարություները կկարողանան այդ հանձնարարականները պատշաճ մակարդակում կատարել։
Հիշեցնենք` ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հրաժարվում են ՌԴ–ի հետ արցախյան հարցով շփվելուց, հետևաբար, կարելի է ասել, որ Մինսկի խմբի ձևաչափը կարող է չեղարկվել։