ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի ավելի քան 1000 զինվորականները, որոնք գերի են հանձնվել, այժմ ժամանակավոր պահման վայրերում են և ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
«Ժամանակավոր պահման վայրեր են տեղափոխվել գերի հանձնված 1026 զինծառայողներ։ Նրանց համար ստեղծվել են Ժնևյան կոնվենցիայի բոլոր պահանջներին և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին լիովին համապատասխանող պայմաններ։ Ռազմագերիներն ապահովվում են երեքանգամյա սննդով, նրանց ժամանակին և որակյալ բուժօգնություն է ցուցաբերվում։ Հոգեբանական ճնշում կամ բռնություն նրանց նկատմամբ չի կիրառվում, ինչպես նաև հարազատների հետ կապ հաստատելու հնարավորություն է տրվում»,- ասել է գեներալը։
Միզինցևը նշել է, որ անցած մեկ օրվա ընթացքում առանց ուկրաինական կողմի մասնակցության Մարիուպոլից մարդասիրական միջանցքներով հաջողվել է փրկել 915 մարդու։
Նրա խոսքով` ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններից և Ուկրաինայի վտանգավոր շրջաններից արդեն 783 631 մարդ է տարհանվել ՌԴ տարածք, որոնցից 147 091-ը երեխաներ են։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 49-րդ օրը։