ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կարևորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթը։ Նա այդ մասին գրել է Twitter-ի իր էջում։
«Նիկոլ Փաշինյանը կարևոր և հեռանկարային ելույթ է ունեցել Ազգային ժողովում։ Համապարփակ կարգավորման ճանապարհին շատ խնդիրներ կան, բայց կարևոր է առաջ շարժվել։ Խաղաղություն գտնելու հարցում ԵՄ–ն աջակցում է Հայաստանին»,– նշել է Տոյվո Կլաարը։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում` կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարել էր` միջազգային հանրությունը ուղիղ ասել է, որ Հայաստանը պետք է մի փոքր իջեցնի ԼՂ կարգավիճակի հարցում իր նշաձողը, ինչի շնորհիվ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի և Արցախի շուրջ։
Փաշինյանը նաև ընդգծել էր, որ Հայաստանը չի հրաժարվում ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո բանակցություններ իրականացնելու գաղափարից։ Անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը` ՀՀ վարչապետն ասել էր` այդ հարցում իլյուզիաներ չկան, և վերահաստատել էր, որ այդ փաստաթղթի ստորագրումը մտնում է ՀՀ իշխանությունների ծրագրերի մեջ։