Արևմուտքը լրջորեն հետաքրքրված է Սյունիքով. «Հրապարակ»

ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթերս Յահիայի, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի և ՀՀ-ում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի հետ Սյունիքում . Արխիվային լուսանկար
Նշվում է, որ ակտիվացել են այցերը Սյունիք, սոցիալական ծրագրեր են նախատեսվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Արևմուտքը լրջորեն հետաքրքրված է Սյունիքով։ Այս մասին անդրադարձ կա «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։
ԵՄ շրջանակները սոցիալական մեծ ծրագրեր են պատրաստել և գրանտներ են տրամադրելու Սյունիքին․ այս մասին նշված է նաեւ ԵՄ կայքում։
Թերթը նկատում է, որ վերջին օրերին էլ ակտիվ այցեր են կազմակերպվում՝ քննարկում են սոցիալական ծրագրեր, գենդերային հավասարության խնդիրներ։ Սյունիքում են ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Փիթրս Յահիային, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, Լիտվայի դեսպանը, ովքեր հանդիպումներ են ունեցել Սյունիքի քաղհասարակության հետ։ Անցած օրերին նրանք Կապանում էին, Գորիսում, ապա Մեղրի կմեկնեն։
«Մեզ ասացին՝ գույքագրում են խնդիրները, որ հասկանան, թե ինչ ծրագրեր իրականացնեն։ Կապանում հանդիպել են Կանանց ռեսուրսային կենտրոնի հետ, քննարկել կանանց զբաղվածության հարցերը, որոշել են կարի մեքենաներ տրամադրել, որ արտադրություն հիմնեն։ Երեկ ՄԻՊ-ի հետ հանդիպել է նաև «Ծիածան» Առաջնորդների կենտրոնի նախագահ Սուսաննա Մարտիրոսյանը, որն ասաց․ «Ես առնչվում եմ դեռահասների, երիտասարդության, կանանց հիմնախնդիրների հետ, առաջնային եմ համարում տնտեսական հզորացման խնդիրը, որ կանայք կարողանան ընտանիք պահել․ մենք ընդամենը կարիքն ենք արձանագրել․․․»»,– գրում է թերթը։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում։
ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթերս Յահիայի, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի և ՀՀ-ում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի հետ հանդիպել են Գորիսի «ՎԻՆՆԵԹ Հայաստան» Կանանց ռեսուրսային կենտրոնի շահառուների հետ և մասնակցել ԵՄ կողմից ֆինանսավորվող «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի արդյունքների ներկայացման միջոցառմանը։