ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին վրդովեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ազգային ժողովում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման վերաբերյալ հայտարարությունը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Նրանք պահանջել են շտապ խորհրդակցություններ սկսել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ՝ ներկայացնելու Արցախի իշխանությունների՝ այս առթիվ միասնական ու հստակ քաղաքական դիրքորոշումը:
Երկրի ղեկավարը շեշտել է, որ Արցախի իշխանությունները որևէ հանգամանքում չեն հրաժարվելու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման պայքարի ճանապարհից՝ խոստանալով կատարել հասարակական դաշտի ներկայացուցիչների պահանջը:
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում` կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարել էր` միջազգային հանրությունը ուղիղ ասել է, որ Հայաստանը պետք է մի փոքր իջեցնի ԼՂ կարգավիճակի հարցում իր նշաձողը, ինչի շնորհիվ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի և Արցախի շուրջ։