Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ ՀՀ–ի շրջափակումը չհաղթահարվի, այլ խորանա. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Կառավարության հերթական նիստի ժամանակ (24 մարտի, 2022թ). Երևան. Արխիվային լուսանկար
Վարչապետի խոսքով` Հայաստանը պետք է այս հարցում ցուցաբերի մաքսիմալ ճկունություն`հստակ պաշտպանելով իր սկզբունքային դիրքորոշումներն ու տարածքային ամբողջականությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Ադրբեջանը փորձում է տարածքաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգն իրականացնել այնպես, որ արդյունքում Հայաստանի շրջափակումը ոչ թե հաղթահարվի, այլ ընդհակառակը`ավելի խորանա։ Այս մասին այսօր ԱԺ–ում Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով` Ադրբեջանը ճանապարհների բացման Հայաստանի շահագրգռվածությունն ուզում է փակուղի մտցնել` փորձ անելով այն վերածել միջանցքային խոսակցության։
«Բայց ինչպես բազմիցս արձանագրել եմ, այս մոտեցումը բացարձակ անընդունելի է մեզ համար։ Ուշադրության է արժանի այն փաստը, որ Ադրբեջանը փորձում է տարածքաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգն իրականացնել այնպես, որ արդյունքում Հայաստանի շրջափակումը ոչ թե հաղթահարվի, այլ ընդհակառակը`ավելի խորանա, կամ էլ Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականության նոր հիմնավորում դառնա»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` այս է պատճառը, որ Հայաստանը պետք է այս հարցում ցուցաբերի մաքսիմալ ճկունություն, միևնույն ժամանակ հստակ պաշտպանելով իր սկզբունքային դիրքորոշումներն ու տարածքային ամբողջականությունը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ։
Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:
Ըստ այդ կետի` ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։ Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Տրանսպորտային այս կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ կառուցվելու է տրանսպորտային ուղի՝ Նախիջևանն ու Ադրբեջանի արևմտյան շրջանները իրար կապելու համար։