Զելենսկին հրաժարվել է Կիևում ընդունել Գերմանիայի նախագահին. ԶԼՄ

Ֆրանկ Վալտեր Շտայնմայեր
Շտայնմայերը մտադիր էր Ուկրաինա այցելել ապրիլի 13-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է Կիևում ընդունել գերմանացի գործընկերոջը` Ֆրանկ Վալտեր Շտայնմայերին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով BILD–ին։
Լրատվամիջոցը, իր հերթին վկայակոչելով ուկրաինական կառավարական շրջանակներին, պնդում է, որ Շտայնմայերը մտադիր էր Ուկրաինա այցելել ապրիլի 13-ին: Այս պահին նա Լեհաստանում է։
«Զելենսկին չի ցանկանում հիմա Շտայնմայերի հետ հանդիպել Կիևում, մինչդեռ ԵՄ մյուս քաղաքական գործիչները կարող են ժամանել»,- ասել է BILD-ի աղբյուրը։
Ըստ նրա` այդ որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Շտայնմայերը վերջին տարիներին սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ։
Բացի այդ, նրան մեղադրում են, որ «Հյուսիսային հոսք 2» վիճելի գազատարի մեծ ջատագով է եղել և համարվում է դաշնային կառավարության կողմից Ռուսաստանի նկատմամբ բարեկամական քաղաքականության ճարտարապետ:
BILD-ի տեղեկություններով՝ Գերմանիայի նախագահի գերատեսչությունը Կիևից «հստակ հայտարարություն» է ստացել, որ հանդիպման պատրաստակամություն այս պահին չկա, բայց ապագայում նման հանդիպում չի բացառվում:
Ուկրաինայի` ԵՄ–ին անդամակցելու գործընթացը պետք է արագացնել. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն