Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մտնել Արցախ. Իշխան Սաղաթելյանի ահազանգը

Իշխան Սաղաթելյան
Արցախի խորհրդարանական բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպումն ամեն դեպքում կայացել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնում է, որ ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ։ Նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։
ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն այսօր բոյկոտել էին ԱԺ նիստը և ասել, որ չեն մասնակցելու դրան, քանի որ Արցախ են գնալու։
«Այս պահին տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հերթական հանցավոր պայմանավորվածության գաղտնազերծումը։ Վերջիններս շատ արագ և միաժամանակ արձագանքեցին ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների հայտարարությանը, որ մեկնում ենք Արցախ և անցակետին փոխանցեցին Արցախ մեկնող քաղաքական գործիչների անունները՝ պահանջելով թույլ չտալ մեր մուտքը Արցախ։Բացահայտվեց Արցախը մեկուսացնելու, այնուհետև հայաթափելու դավադիր գործարքի հերթական փաստը»,–գրել է Սաղաթելյանը։
Նրա խոսքով` Արցախի խորհրդարանական բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ ընդդիմադիրների հանդիպումն ամեն դեպքում կայացել է Աղավնոյի անցակետում:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն էլ գրել է, որ ադրբեջանական կողմը ստացել է Արցախ մեկնող պատգամավորների ամբողջական ցուցակը և այն փոխանցել ՌԴ խաղաղապահ ուժերի օպերատիվ շտաբ՝ պահանջելով արգելել նրանց մուտքը Արցախ: