Տարեսկզբին միջազգային ֆինանսատնտեսական կառույցների և ՀԲ–ի կողմից հիմնականում դրական ազդակներ էին գալիս 2022 թվականի համար, մինչդեռ այժմ խոսվում է գլոբալ համակարգերի փլուզման, տնտեսական աճի դանդաղելու, համաշխարհային տնտեսական կոնյուկտուրայի խորքային ռիսկերի մասին, և բնականաբար ՀՀ–ի վրա ևս ազդեցությունները տարածվում են, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Մերի Հովսեփյանը։
Ըստ նրա` ոչ միայն Համաշխարհային բանկը, այլև հիմնական ու ազդեցիկ միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպություններն արդեն իսկ վերանայել են իրենց կանխատեսումները Հայաստանի ու մեր տարածաշրջանի տնտեսական զարգացումների վերաբերյալ` արձանագրելով, որ ռուս–ուկրաինական հակամարտությունը ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում առաջացրել է զգալի ցնցումներ ու անորոշություններ։
«Կոնկրետ Հայաստանի պարագայում տնտեսական աճի վերաբերյալ միջազգային բոլոր կառույցների կանխատեսումների ֆոնին Համաշխարհային բանկի տված գնահատականն այս պահին ամենացածրն է, ինչը պայմանավորված է վերջին իրողություններով։ Ժամանակի ընթացքում տնտեսական զարգացման պատկերն ավելի ակնհայտ է դառնում, և դրա մասին է խոսում այն հանգամանքը, որ վերոհիշյալ կանխատեսումները գնալով նվազում են։ Այս պահին հիմնական զարգացումները ցույց են տալիս, որ տնտեսական աճի նախնական գնահատականներով կանխատեսումները տատանվում են 1.2-1.6 տոկոսի միջակայքում»,– ասաց տնտեսագետը։
Հովսեփյանի կարծիքով` կանխատեսումներն արվել են այս պահի դրությամբ առկա քանակական գնահատականների հիման վրա, սակայն ցուցանիշները կարող են փոփոխվել ու վատթարանալ, եթե միջազգային իրադրությունը պահպանվի և սպառնալիքներն ավելի խորանան։
Հովսեփյանը վկայակոչեց նաև ՀՀ ԿԲ–ի կանխատեսումը, ըստ որի` այդ կառույցը Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը 5.3 տոկոսից նվազեցրել է մինչև 1.6 տոկոսի, իսկ էկոնոմիկայի նախարարն իր հերթին կանխատեսել էր 7 տոկոսանոց տնտեսական աճ։
Անդրադառնալով նշված թվերի տարբերությանը` տնտեսագետն ընդգծեց, որ ավելի իրատեսական է Կենտրոնական բանկի ներկայացրած ցուցանիշը, քանի որ այն գրեթե համընկնում է Համաշխարհային բանկի գնահատականի հետ։
«Իսկ ինչ վերաբերում է Էկոնոմիկայի նախարարի կողմից հնչեցված թվին, ապա դա այն ցուցանիշն է, որը դրվել է 2022 թվականի բյուջեի կանխատեսման հիմքում, սակայն հաշվի չեն առնվել ներկա զարգացումները, մինչդեռ Կենտրոնական բանկի կանխատեսումներում ընդգրկված են ռուս–ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված ճգնաժամային իրավիճակի գործոնները»,– ասաց տնտեսագետը։
Հովսեփյանի եզրահանգմամբ` քանի որ գործընթացը շարունակվում է, և հակամարտությունն ըստ էության չի հանգուցալուծվել, տնտեսական անորոշությունները չեն վերացել, հետևաբար տնտեսական աճին առնչվող գնահատականները ցանկացած պահի կարող են վերանայվել։
Նշենք, որ Համաշխարհային բանկն ուկրաինական ճգնաժամի և Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ազդեցության պատճառով նվազեցրել է 2022 թվականի համար ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը մինչև 1.2 տոկոս։ Այդ մասին նշված է Համաշխարհային բանկի «Վերջին տնտեսական զարգացումները» հրապարակման մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Համաշխարհային բանկը 2022-ին Հայաստանում կանխատեսել էր 4,8 տոկոս տնտեսական աճ։