ՌԱԴԻՈ

Տնտեսագետը համարում է՝ կառավարությունը պարարտանյութերի հարցում ճիշտ մեխանիզմ չի ներդրել

Տնտեսագետ Սամվել Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում նշեց՝ պարարտանյութի ներկրումը Հայաստան սխալ մեխանիզմով է իրականացվել, հանցավոր համաձայնություն կա։
Sputnik
Պարարտանյութ ներկրողները բոլորը զարմանալիորեն նույն գնով են այն վաճառում, մրցակցություն չկա։ Այստեղ կառավարության կողմից սխալ մեխանիզմ է ներդրվել, դա պետք է արվեր մրցութային կարգով, հստակ մրցույթ հայտարարվեր, թե ազոտական պարարտանյութ ով կարող է գնել ու ինչ գնով։ Sputnik Արմենիայի եթերում, խոսելով պարարտանյութերի թանկացումներից ու դրա ֆոնին կառավարության սուբսիդավորման ծրագրի արդյունավետությունից, նման տեսակետ հայտնեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը։
Կառավարությունը պարարտանյութի տրամադրումը սուբսիդավարում է, սակայն դրան զուգահեռ վերջին շրջանում պարարտանյութերը թանկացել են, ստացվում է՝ սուբսիդավորումը դառնում է ինքնանպատակ։ Ավետիսյանի խոսքով՝ եթե ճիշտ մեխանիզմեր կիրառվի, սուբսիդավորումն իր նպատակին կծառայի։
«Այն մեխանիզմը, այն կառուցակարգերը, որ դրել են հիմա, կարծես, իրենց չեն արդարացնում։ Կառավարությունը որոշել է, որ 50%-ով սուբսիդավորելու է պարարտանյութի գինը, բայց այսօր գյուղացին վճարում է 12 հզ դրամ մեկ պարկի համար, պետությունը սուբսիդավորում է 9000 դրամ։ Դա պարզ է, որ կեսը չի»,- ասաց Ավետիսյանը։
Ըստ տնտեսագետի՝ սուբսիդավորումը նաև իր նպատակին չի ծառայում հենց նրա համար, որ ներկրողները նույն գինն են սահմանում, այստեղ, ըստ նրա, հանցավոր համաձայնություն կա։ Նրա խոսքով՝ ներկրողներից ոչ բոլորն են նույն տեղից բերում, տրանսպորտի ծախսերը, մեծածախ գինը ևն նույնը չեն, հետևաբար, եթե չլիներ հանցավոր համաձայնություն, գների տարբերություն կլիներ, գյուղացին էլ ընտրելու հնարավորություն կունենար։
«Հիմա այսպես այդ սուբսիդիան պարտադրում է, որ անպայման կոնկրետ մարդուց պետք է վերցնել և կոնկրետ գնով։ .․․Իմ կարծիքն այն է, որ սրանք մեխանիկական սահմանափակումներ են, որը հանգեցրել է պարարտանյութերի գների բարձրացման»,- նշեց տնտեսագետը։
Հարցին՝ ինչքանո՞վ են պարարտանյութերի թանկացումներն արդարացված, Ավետիսյանը պատասխանեց՝ թանկացումների հիմնավորումը գազի գնի բարձրացումից է գալիս, որովհետև ազոտական պարարտանյութի ինքնարժեքի մեջ 60-65 տոկոսը հումքն է՝ գազը։ Դրա համար էլ բարձրացել է նաև պարարտանյութի գինը։
Հայ գիտնականների նոու–հաուն. տեղական պարարտանյութը կարող է շուկայում իրավիճակ փոխել
«Հիմա ամբողջ աշխարհում գինը բարձրացել է, Եվրոպան ընդհանրապես ճգնաժամի մեջ է պարարտանյութի առումով, որովհետև նրանք հիմնականում ներկրում էին Բելառուսից և Ռուսաստանից։ Երկու ճանապարհն էլ փակվել է, և գները ոչ միայն բարձրացել են, այլ նաև շուկայում պակասել է քանակը, և եվրոպացի ֆերմերները լուրջ անհանգստություն ունեն, որ այս տարի իրենք նորմալ բերք չեն ստանա»,- հավելեց Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 24-ին հայտարարել էր, որ գյուղատնտեսական պարարտանյութերի գնի 50 տոկոսի սուբսիդավորման հարցն ընթացքի մեջ է։
Ավելի վաղ՝ մարտի 3-ի կառավարության նիստում Քերոբյանը հայտնել էր, որ գյուղատնտեսական պարարտանյութերի գները 2022թ–ի հունվար–փետրվար ամիսներին աճել են 2-3 անգամ։
Նույն օրը որոշում էր կայացվել, որ գործադիրը աջակցություն կտրամադրի և կսուբսիդավորի միայն փոքր` մինչև 3 հա հողատարածք մշակող տնտեսություններին` պարարտանյութի գնի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 9000 դրամ։