ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Կանադական «Thomson Reuters» մեդիակորպորացիան «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալությանը հայտնել է, որ դադարեցնում է նրա հետ պայմանագիրը։
«Ստուգման արդյունքում «Thomson Reuters» ընկերությունը եզրակացրել է, որ «Thomson Reuters (Markets) Europe SA» մոսկովյան բաժանմունքը պետք է դադարեցնի հարաբերությունները ձեր կազմակերպության հետ, որպեսզի հետևի կառավարության այն պատժամիջոցներին, որոնք կիրառվել են «Thomson Reuters»-ի նկատմամբ»,- ասված է ընկերության նամակում, որը ստացել է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ն։
Ըստ այդմ`դադարեցվում է «Reuters»-ի ծառայությունների մատուցման պայմանագիրը, որը գործում է 2020 թվականի հունվարի 1-ից:
Նամակում չի նշվում, թե որ պատժամիջոցները կարող են խախտել «Thomson Reuters»-ի և «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի համագործակցության համաձայնագիրը:
Կանադական «Thomson Corporation» ընկերությունը 2008 թվականին գնեց բրիտանական «Reuters» գործակալությունը։ Մարտի վերջին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի պատժամիջոցների ցանկում ավելացավ «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ն։ Որպես պատժամիջոցների հիմք նշվում էր, որ «Ռոսիա սեգոդնյա» գործակալությունը, Ուկրաինայում հատուկ գործողությունից հետո Ռուսաստանի նկատմամբ սահմանված նոր պատժամիջոցների համաձայն, համարվում է «ներգրավված անձ», քանի որ ֆինանսավորվում է պետությունից: