Ռուսաստանը չի պատրաստվում մեկուսանալ. Պուտին

Պուտինը նշել է, որ 2014 թվականին առաջին պատժամիջոցները հանգեցրել են նրան, որ ռուսական գյուղատնտեսությունը դարձել է բարձր տեխնոլոգիական, և զգալիորեն աճել է արտահանման ծավալը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ մեկուսանալ, և ժամանակակից աշխարհում իրենց չի կարելի խիստ մեկուսացնել:
«Մենք չենք պատրաստվում մեկուսանալ, իսկ ժամանակակից աշխարհում որևէ մեկին խիստ մեկուսացնելն ընդհանրապես անհնար է։ Ռուսաստանի նման հսկայական երկրի դեպքում հաստատ անհնար է»,- «Վոստոչնայա» տիեզերակայանի աշխատակիցների հետ զրույցի ընթացքում ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նշել է, որ 1961 թվականին ԽՍՀՄ-ը տեխնոլոգիական առումով գտնվում էր լիակատար մեկուսացման մեջ, այն ժամանակ պատժամիջոցները համատարած էին։ Այնուամենայնիվ, Խորհրդային Միությունն առաջինն է գործարկել Երկրի արհեստական արբանյակը, առաջին տիեզերագնացը ռուս է, տիեզերական կայանի առաջին թռիչքը դեպի Լուսին` նույնպես ռուսն է կատարել։
«Մենք ամեն ինչ արել ենք լիակատար տեխնոլոգիական մեկուսացման պայմաններում, հասել ենք նման մեծ հաջողությունների»,- ասել է նա:
Այնպես որ, Պուտինի խոսքով, Ռուսաստանը կշարունակի աշխատել այն գործընկերների հետ, որոնք ցանկանում են համագործակցել:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
ՌԴ նախագահն իր հերթին մարտի 31–ին հրամանագիր ստորագրեց «ոչ բարեկամական երկրների» հետ գազի առևտրի մասին։ Ապրիլի 1–ից սկսած` ռուսական բնական գազ ձեռք բերելու համար, ըստ այդ հրամանագրի, նրանք պետք է ռուսական բանկերում ռուբլով հաշիվներ բացեն։
Միևնույն ժամանակ նա հայտարարեց, որ Ռուսաստանը կշարունակի գազ մատակարարել այն ծավալներով և գներով, որոնք արձանագրված են ավելի վաղ կնքված պայմանագրերում, քանի որ երկրի համար կարևոր է սեփական հեղինակությունը:
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 48–րդ օրը։