ՌԴ-ն դեֆոլտ չի հայտարարել․ Սիլուանովը վարկատուների պահանջները վերահասցեագրել է ԱՄՆ-ին

Օտարերկրյա ներդրողները չեն կարողացել ստանալ վճարումները ամերիկյան իշխանությունների և բանկերի անօրինական գործողությունների պատճառով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ՌԴ-ի եվրաբոնդերի գծով դեֆոլտի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. օտարերկրյա, այդ թվում՝ ամերիկյան ներդրողները չեն կարողացել ստանալ իրենց վճարումները ԱՄՆ-ի իշխանությունների ու բանկերի ոչ իրավաչափ գործողությունների պատճառով, ուստի պարտատերերի բոլոր հնարավոր պահանջները պետք է ուղղվեն նրանց: Այս մասին երեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«CNN-ի հրապարակած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ռուսաստանը եվրաբոնդերի գծով իր պարտավորությունների համար դեֆոլտ չի հայտարարել»,- ասել է Սիլուանովը։
Նախարարը հավելել է, որ ստեղծված իրադրության կապակցությամբ պարտատերերի բոլոր հնարավոր պահանջները պետք է վերահասցեագրվեն այն պետությունների իշխանություններին, որոնք ապօրինաբար խոչընդոտներ են ստեղծել Ռուսաստանի համար՝ նրա պարտքային պարտավորությունների կատարման հարցերում:
Նրա խոսքով՝ ամերիկյան բանկերի և ԱՄՆ-ի կառավարության ոչ իրավաչափ գործողությունները, որոնք դադարեցրել են Ռուսաստանի վճարումների իրականացումը արտարժույթով, արգելափակել են օտարերկրյա ներդրողների վճարումների հասանելիությունը։ Նա հավելել է, որ ներդրողների իրավունքների պաշտպանության համար Ռուսաստանը, որպես պատասխանատու վարկառու, լրացուցիչ միջոցներ է ձեռնարկել՝ ռուսական դեպոզիտարիայում պահուստավորելով անհրաժեշտ գումարները ռուբլով:
ԵՄ դիվանագիտության ղեկավարը խոստովանել է` ռուսական ռուբլին լավ է դիմադրում պատժամիջոցներին
«Հաշվի առնելով, որ չգնված պարտատոմսերը, հազվագյուտ բացառությամբ, պատկանում են օտարերկրյա ներդրողներին, ամերիկյան իշխանությունների արգելիչ միջոցները վնասել են առաջին հերթին հենց օտարերկրյա, այդ թվում՝ ամերիկյան ներդրողների շահերին»,-ընդգծել է նա:
S&P վարկանիշային գործակալությունը հայտարարել էր, որ Ռուսաստանը փաստացի արտաքին պարտքի դեֆոլտ է թույլ տվել՝ պարտատոմսերի տերերին առաջարկելով փոխհատուցումը վճարել ռուբլով, այլ ոչ թե դոլարով, հաղորդում Է CNN-ը:
Ռուսաստանը փորձել է ռուբլով վճարել երկու դոլարային պարտատոմսային ծրագրերով, որոնց մարման ժամկետը ապրիլի 4-ին էր, ասվում է S&P-ի՝ ուրբաթ օրը հրապարակված հաղորդագրության մեջ: Գործակալությունը հայտարարել է, որ դա հավասարազոր է «ընտրողական դեֆոլտի», քանի որ ներդրողները հազիվ թե կարողանան ռուբլիները փոխարկել «ի սկզբանե վճարման ենթակա գումարներին համարժեք դոլարի»: