ՌԴ հրետանին հարվածներ է հասցրել ուկրաինական 24-րդ բրիգադի հենակետերին. ՌԴ ՊՆ ամփոփագիր

Իգոր Կոնաշենկով. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նոր տվյալներ է հրապարակել Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Ռուսական հրետանին Դոնեցկի Պոպասնայայի շրջանում հարվածներ է հասցրել ուկրաինական 24-րդ բրիգադի 6 հենակետի։ Տեղեկությունն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Դոնեցկի մարզի Պոպասնայա բնակավայրի շրջանում ռուսական հրետանային ստորաբաժանումները կրակային հարվածներ են հասցրել Ուկրաինայի 24-րդ առանձին մեքենայացված բրիգադի ստորաբաժանումների 6 հենակետերին», - ասել է Կոնաշենկովը:
Նա ավելացրել է, որ արդյունքում ոչնչացվել է միավորման անձնակազմի ավելի քան 120 մարդ, 11 միավոր զրահատեխնիկա ու տարբեր նշանակության 14 ավտոմեքենա:
Գեներալը նաև հայտնել է, որ ՌԴ մարտական ավիացիան օրվա ընթացքում Ուկրաինայի 38 ռազմական օբյեկտ է խոցել:
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան Ուկրաինայի 38 ռազմական օբյեկտ է խոցել։ Դրանց թվում է Լուգանսկի մարզում Տոշկովկա զինամթերքի պահեստը, ինչպես նաև Ուկրաինայի մարտական տեխնիկայի կենտրոնացման ութ շրջան Խարկովի մարզի Գլազունովկա, Պյատիգորսկոյե ու Պրիշիբ բնակավայրերում», - ասել է Կոնաշենկովը:
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ հատուկ ռազմական գործողության սկզբից ոչնչացվել է 130 ինքնաթիռ, 99 ուղղաթիռ, 244 զենիթային հրթիռային համալիր, 445 ԱԹՍ, 2153 տանկ և այլ մարտական զրահամեքենաներ, 241 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի կայանք, դաշտային հրետանային ու ականանետային 924 զինտեխնիկա, ինչպես նաև 2063 միավոր ռազմական հատուկ ավտոմոբիլային տեխնիկա:
Մեկ օրում ռուսական ՀՕՊ համալիրները Ուկրաինայի հարավում ուկրաինական երկու անօդաչու սարք են խոցել:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 48–րդ օրը։