ՆԱՏՕ–ի խումբն Օդեսայում աշխատանքներ է սկսել. աղբյուր

Խմբի նպատակը Օդեսայիշրջանում ռուսական դեսանտի իջեցումը թույլ չտալն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ՆԱՏՕ-ի գաղտնի մոնիթորինգային խումբը, որի կազմում ընդգրկված են ռումինական Nordstarsupport Group-ի աշխատակիցները, Օդեսայում աշխատանքի է անցել: Խմբի խնդիրն է Սև ծովում հսկել ռուսական նավերը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ռուսական ուժային գերատեսչություններում ունեցած աղբյուրը՝ վկայակոչելով ուկրաինական զորքերում սեփական աղբյուրներին։
«Օդեսայի արվարձաններից մեկում գործում է ՆԱՏՕ–ի մոնիթորինգային խմբի սարքավորումներով գաղտնի բազան, որը թույլ է տալիս Սև ծովի տարածքում մինչև 200 կմ շառավղով ցանկացած նավի ճշգրիտ կոորդինատների որոշում իրականացնել: Գլխավոր մասնագետները ռումինական Nordstarsupport Group-ի աշխատակիցներ են»,- պատմել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրի խոսքով` խմբի նպատակն է թույլ չտալ ռուսական դեսանտի իջեցումը Օդեսայի շրջանում և նպատակային ուղղություն տալ ռուսական ռազմանավերի գտնվելու վայրի վերաբերյալ։
Ավելի վաղ Օդեսայի շրջանում՝ Կրասնոսելկա բնակավայրի մոտ, ոչնչացվել է օտարերկրյա վարձկանների հավաքագրման և պատրաստման կենտրոնը։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ բազային հարված է հասցվել «Բաստիոն» բարձր ճշգրտության հրթիռներով:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 48–րդ օրը։