Մակրոնն աջակցում է Ֆրանսիայում 7-ամյա նախագահական ժամկետի գաղափարին

Էմանուել Մակրոնը` ընտրություններից հետո. Արխիվային լուսանկար
Նախագահը համաձայն է, սակայն պետք է ընտրի ժողովուրդը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Էլզաս այցի ժամանակ հայտարարել է, որ աջակցում է 7-ամյա նախագահական ժամկետի գաղափարի իրագործմանը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով BFMTV հեռուստաալիքը։
Միաժամանակ Մակրոնն ընդգծել է, որ ժողովուրդը պետք է որոշի` կկարողանա արդյոք նույն անձը վերաընտրվել նույն ժամկետով։
Ներկայում Ֆրանսիայի նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով` ուղիղ քվեարկությամբ։ Նույն անձը չպետք է ավելի քան 2 անգամ անընդմեջ զբաղեցնի նախագահի պաշտոնը։
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 10-ին։ Ֆրանսիայի ՆԳՆ–ի վերջնական տվյալների համաձայն՝ Մակրոնը հավաքել է ձայների 27,84 տոկոսը, «Ազգային միավորում» ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը՝ 23,15 տոկոսը: Քվեարկության երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 24-ին։