ԿԳՄՍՆ-ն առաջարկել է ընդլայնել ռուսերենով կրթություն իրականացնող դասարանների թիվը

Ռուսաստանյան կողմի հետ համագործակցության շրջանակում ԿԳՄՍՆ–ն ակնկալում է ստանալ անհրաժեշտ աջակցություն ՀՀ չափորոշիչներին համապատասխան ռուսերենով դասագրքերի բովանդակությունը մշակելու հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Հայաստանում կրթական և գործարար համապատասխան միջավայր ապահովելու նպատակով, ինչպես նաև վերլուծելով առկա իրավիճակը՝ ԿԳՄՍՆ-ն առաջարկել է ՀՀ դպրոցներում, այդ թվում՝ ավագ մակարդակում, ընդլայնել ռուսերենով կրթություն իրականացնող դասարանների թիվն ըստ պահանջի: Նման հայտարարություն է տարածել ԿԳՄՍՆ–ն` անդրադառնալով ռուսների մեծ ներհոսքին ՀՀ։
«ՀՀ կառավարությունը կարևորում է հանրակրթական դպրոցներում ռուսերենի ուսուցման որակի բարձրացումը: Այդ կապակցությամբ ռուսաստանյան կողմի հետ համագործակցության շրջանակում ԿԳՄՍՆ–ն ակնկալում է ստանալ անհրաժեշտ աջակցություն ՀՀ չափորոշիչներին համապատասխան ռուսերենով դասագրքերի բովանդակությունը մշակելու, ուսուցիչների վերապատրաստման ծրագիր կազմելու և վերապատրաստման դասընթացներն իրականացնելու համար»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ ռուսալեզու քաղաքացիներին առանձնահատուկ հետաքրքրում են Հայաստանում երեխաների ռուսալեզու կրթության հնարավորությունները: Այդ դասարանները նախատեսված են հիմնավորապես Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև օտարերկրյա այլ քաղաքացիների համար:
Հիշեցնենք, որ ԿԳՄՍՆ-ն Sputnik Արմենիային հայտնել էր, որ փետրվարի 1-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում ռուսերենով ուսուցմամբ դասարաններում ՀՀ դպրոցներում սովորողների թիվն ավելացել է 75–ով։ ԿԳՄՍ նախարարությունից նշել էին նաև, որ ռուսերենով ուսուցմամբ դասարաններ ունեցող դպրոցների թիվն ու առկա տեղերը բավարարում են ՀՀ տեղափոխված սովորողների կրթությունն ապահովելու համար։