ՀՀ ԱԳՆ-ն մտահոգված է, որ խաղաղապահները չեն թույլատրել պատգամավորների մուտքը ԼՂ

ԱԳՆ–ն հիշեցնում է, որ 2020-ի եռակողմ հայտարարության բոլոր կողմերը պետք է իրականացնեն ստանձնած պարտավորությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը մտահոգված է այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ: Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այսօր բոյկոտել էին ԱԺ նիստը և ասել, որ չեն մասնակցելու դրան, քանի որ Արցախ են մեկնելու։
Սակայն երեկոյան ընդդիմադիր պատգամավորները ֆեյսբուքյան իրենց էջերում գրառումներ էին անում` հայտնելով, որ չեն կարողացել Արցախ մտնել։
Մասնավորապես, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն էլ գրել էր, որ ադրբեջանական կողմը ստացել է Արցախ մեկնող պատգամավորների ամբողջական ցուցակը և այն փոխանցել ՌԴ խաղաղապահ ուժերի օպերատիվ շտաբ՝ պահանջելով արգելել նրանց մուտքը Արցախ: