ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Ադրբեջանական բանակում բարեփոխումների նպատակն այն Թուրքիայի զինված ուժերի չափանիշներին համապատասխանեցնելն է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։
Նախարարը Բաքվում հանդիպել է Թուրքիայի գլխավոր շտաբի հետախուզության պետ Ռաֆեթ Դալքըրանի հետ, հաղորդում են տեղի լրատվամիջոցները:
Հասանովը թուրք գեներալին պատմել է Ադրբեջանի ԶՈւ-ի բարեփոխումների մասին, որոնց նպատակը Թուրքիայի բանակի չափանիշներին համապատասխանեցնելն է:
Դալքըրանն իր հերթին կարևորել է նմանատիպ հանդիպումները երկու երկրների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների մակարդակով, փոխադարձ համագործակցության ընդլայնման տեսանկյունից:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: