Հայաստանի գազամատակարարումը դադարեցվել է. մայր գազատարի վրա աշխատանքներ են տարվում

«Գազպրոմ Արմենիան» տեղեկացնում է, որ բնական գազը չի մատակարարվի մինչև ժամը 19։00-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազատարի վրա վերականգնողական աշխատանքներ են տարվում։ Տեղեկությունը հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մամուլի ծառայությունը։
Այդ կապակցությամբ ապրիլի 12-ի ժամը 10:00-ից մինչև ապրիլի 13–ի ժամը 19:00-ը դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստանի Հանրապետություն:

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների` Աբովյանի գազի պահման ստորգետնյա կայանի ռեզերվների հաշվին:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում վնասվել էր Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը՝ 13,5 կմ հատվածում։
Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով դադարեցվել էր Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքների, Գորիսի և Կապանի տարածաշրջանների բնակավայերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը։
Ապրիլի 3-ին վթարավերականգնման աշխատանքներն ավարտվել էին։