Եթե Ադրբեջանի սադրանքը ներվի, ամեն պահի կարող է կրկնվել. Թովմասյանը` Կոպիրկինին

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հանդիպել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ (11 ապրիլի, 2022թ)․ Երևան
Ընդդիմադիր պատգամավորը ՌԴ դեսպանին տեղեկացրել է, որ Ադրբեջանը հրաձգային զինատեսակներ, նույնիսկ ականանետներ է կիրառում Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Արցախի Փառուխ գյուղում ադրբեջանական կողմի սադրանքն առաջին հերթին ռուս խաղաղապահների դեմ է, ինչը, ներվելու դեպքում, ամեն պահի կարող է կրկնվել։ Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Պատգամավորը հանդիպման մանրամասները ներկայացրել է ֆեյսբուքյան իր էջում։
Նա մարտի 22-ից գտնվել է Արցախում, և երբ ադրբեջանական զինուժը հարձակվել է Փառուխ համայնքի վրա՝ բռնի օկուպացնելով այն, այդ օրը Խրամորթ համայնքում է եղել։ Թովմասյանը Կոպիրկինից շտապ ընդունելություն է խնդրել, որպեսզի ականատեսի աչքերով ներկայացնի իրավիճակը։
«Փոխադարձ արձանագրեցինք այն կարևոր իրողությունը, որ ադրբեջանական զինուժը ռուսական կողմի բանակցություններից հետո դուրս է եկել Փառուխ համայնքից։ Սակայն ընդգծեցի, որ ադրբեջանցի զինվորները դեռ շարունակում են մնալ Քարագլխի լանջերում»,–գրել է Թովմասյանը։
Պատգամավորը Կոպիրկինին տեղեկացրել է, որ Ադրբեջանը հրաձգային զինատեսակներ, նույնիսկ ականանետներ է կիրառում Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ, թիրախավորում գյուղացուն, որը գյուղատնտեսական աշխատանք է իրականացնում իր սեփական տան բակում, կրակում է գյուղատնտեսական տեխնիկաների ուղղությամբ, որի հետևանքով ունենք վիրավորներ։
Թովմասյանը դեսպանի ուշադրությունը հրավիրել է Հայաստանի սահմաններում առկա իրավիճակի վրա. Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները շարունակում են օկուպացված պահել ՀՀ սուվերեն տարածքի կոնկրետ հատվածներ։
Խոսել են Ռուսաստանում և Ուկրաինայում ապրող մեր հայրենակիցների իրավունքներից, որոնցից շատերը Հայաստան կամ երրորդ երկիր վերադառնալու ցանկություն ունեն։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից 5 պայմանագրային զինծառայող է վիրավորվել։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել էին նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Իրավիճակի սրացման պատճառով Խրամորթից տարհանվել են երեխաներն ու կանայք։
Մարտի 29-ին ադրբեջանցիները հեռացել են Փառուխից, ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց նրանք շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։
Արցախի իշխանություններն ու խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանցիներին այդտեղից հեռացնելու նպատակով։