ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Երևանում հայր և որդի են ձերբակալվել՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով, տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Մասնավորապես, ապրիլի 11-ին խուզարկություն է իրականացվել նրանց տանը, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է զրահաբաճկոն, իսկ տան բակում՝ 3 հատ «АКМ», 2 հատ «АКС», 1 հատ «АК74», 3 հատ «РПК» տեսակի ինքնաձիգ, 1 հատ «РПГ» տեսակի նռնականետ, 7 հատ «Ф1» տեսակի, 6 հատ «РГД5» տեսակի նռնակ և նռնակի համար նախատեսված 15 հատ պայթուցիչներ:
Խուզարկության ընթացքում հայնաբերվել և առգրավվել է նաև «Մարիխուանա» թմրամիջոց։
Քրգործ է հարուցվել քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք-սզինամթերք պահելը, փոխադրելը կամ կրելը), 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) և 268-րդ հոդվածի 2-րդ մասով (թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի):
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ռազմամթերքի և թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ: